Ինտերնետ կառավարման հայկական դպրոցն՝ ArmSIG2025-ն այս տարի անցկացվեց Սյունիքի մարզի Գորիս քաղաքում «Թվային անվտանգություն՝ վաղ տարիքից» խորագրի ներքո։
Միջոցառումը, որի նպատակն էր ընդգծել երեխաների թվային պաշտպանվածության կարևորությունը և ժամանակակից մեթոդների կիրառման անհրաժեշտությունը, համախմբել էր Մեղրի, Կապան, Սիսիան և այլ համայնքների գրադարանների ավելի քան 35 ներկայացուցիչների։ ArmSIG2025-ն արդեն 9-րդ անգամ կազմակերպել էր «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն։
«Երեխաներն այսօր թվային աշխարհի ակտիվ մասնակիցներ են, բայց հաճախ՝ առանց իրենց պաշտպանելու բավարար գիտելիքի։ Մեր նպատակը ժամանակակից տեխնոլոգիաներից հնարավորինս անվնաս օգտվող և գիտելիքով պաշտպանված հասարակություն ունենալն է։ Այդ գործում կարևոր է նաև ձեր մասնակցությունը»,- ողջունելով մասնակիցներին՝ նշեց «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի նախագահ Վեսմիրա Հարությունյանը։
 
								 
															




























