Աշխարհում սեպտեմբերի 30-ի դրությամբ գրանցվել է 378,5 միլիոն դոմենային անուն։ Այս մասին տեղեկանում ենք Verisign ընկերության Domain Name Industry Brief զեկույցից, որում ամփոփված են միջազգային DNS շուկայի 2025 թվականի երրորդ եռամսյակի արդյունքները։
Գրանցված դոմենները աճել են 1,8%-ով երկրորդ եռամսյակի համեմատությամբ, ինչը կազմում է 6,8 միլիոն դոմեն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 16,2 միլիոն անուն կամ 4,5%։
Verisign-ի կողմից կառավարվող .com և .net տիրույթներում գրանցված դոմենների ընդհանուր թիվը հասել է 171,9 միլիոնի։ Սա նշանակում է, որ գրանցումները աճել են 1,4 միլիոնով (0,8%)՝ նախորդ եռամսյակի համեմատ, և 2,4 միլիոնով (1,4%)՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Միևնույն ժամանակ .net տիրույթում գրանցումների քանակը փոքր-ինչ նվազել է՝ մոտ 100 հազարով, կազմելով 12,5 միլիոն, մինչդեռ .com գոտում արձանագրվել է աճ՝ հասնելով 159,4 միլիոնի։
Դատելով առկա վիճակագրությունից՝ Verisign-ի վերլուծաբանները կանխատեսում են դոմենային շուկայի 2,2–2,5% աճ մինչև տարեվերջ։ Դոմենների գրանցման միջին երկարաձգման մակարդակն էլ գնահատվում է 75,3%։ Այս առումով ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է .org գոտում՝ 86,2%, ամենացածրը`.xyz գոտում՝ ընդամենը 19,5%։




























