Հայաստանի թվային ինքնության և գլոբալ կապերի խորհրդանիշ .am-ը ներկայացվել է ICANN84 համաժողովում

Համացանցում Հայաստանի կոդ հանդիսացող .am ccTLD-ն համաշխարհային դոմենային շուկայում այս պահի դրությամբ ներկայանում է ավելի քան 46,000 գրանցված դոմենով, որոնցից մոտ 62%-ը Հայաստանից է։ Հաջորդում են գրանցումները Միացյալ Նահանգներից (8,841), Չինաստանից (1,708), Ռուսաստանից (1,119)։ .am-ում ներկայություն ունեցող եվրոպական երկրների ցանկը գլխավորում է Գերմանիան՝ 539 գրանցումով։

Այս մասին օրերս Դուբլինում կայացած Դոմենային անունների և IP հասցեների հատկացման ինտերնետ կորպորացիայի՝ ICANN-ի 84-րդ համաժողովում խոսել է .am-ի կառավարիչ կազմակերպության՝ «Ինտերնետ հասարակություն» ՀԿ-ի արտաքին կապերի մենեջեր Կատարինա Գևորգյանը։

Նա նշել է, որ գործարկման 31-րդ տարում .am-ն արդեն հանդիսանում է ստեղծագործական և տեխնոլոգիական ոլորտների համար գրավիչ հարթակ։

.am ccTLD-ն դարձել է բազմիմաստ բրենդային գործիք և համաշխարհային շուկայում ճանաչելի հապավում՝ հիմնված նաև ասոցիատիվ սկզբունքի վրա, օրինակ՝ Artificial Intelligence & Machine Learning (AM), Additive Manufacturing (AM), Asset Management (AM), Augmented Marketing (AM), Armenian Made (AM)։

Ներկայացված սկզբունքի համաձայն, արդեն իսկ ստեղծվել են բազմաթիվ դոմենային անուններ՝ instagr.am, telegr.am, progr.am, will.i.am և այլն։

«.am դոմենային տիրույթն ինտեգրվել է նաև բլոքչեյն տեխնոլոգիաների հետ, ինչը հնարավորություն է տալիս այն կապել Web3 պլատֆորմների հետ՝ առանց սովորական DNS-ի փոփոխության։ Սա բացում է նոր հնարավորություններ NFT-ների, թվային դրամապանակների և բրենդային նորարարական լուծումների համար»,- մանրամասնել է Կատարինա Գևորգյանը։

Բանախոսը դոմենային տիրույթների կառավարման և ընդլայնման կարևորագույն ICANN84 համաժողովի մասնակիցներին նաև տեղեկացրել է, որ 78 հավատարմագրված ռեգիստրար Հայաստանում և նրանց ռեսելլերները՝ ամբողջ աշխարհում ապահովում են .am-ում նոր անուններ գրանցելու գործընթացը, որը կարող են նախաձեռնել ֆիզիկական և իրավաբանական անձինք ցանկացած երկրից։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը