Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիայի (ICANN) տարեկան ընդհանուր ժողովը (AGM) հոկտեմբերի 25-ից 30-ը Դուբլինում կմիավորի կառավարությունների, քաղաքացիական հասարակության, բիզնեսի և տեխնիկական համայնքի հազարավոր ներկայացուցիչների՝ ամբողջ աշխարհից։
Հայաստանից համաժողովին կմասնակցեն «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ները։
ICANN84 համաժողովը կանցկացվի ինտերնետի ապագայի համար վճռորոշ պահի՝ նախորդելով Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովին (WSIS+20), որի ընթացքում նախատեսվում է վերանայել համաշխարհային թվային համագործակցության 20-ամյա փորձը։
Քննարկվելիք թեմաները կարող են ուղղակի ազդեցություն ունենալ գլոբալ կառավարման, կայուն զարգացման և տեխնոլոգիական անկախության վրա։ Այս համատեքստում ավելի մեծ դեր է ստանում բազմակողմ համագործակցության մոդելը, որը հնարավորություն է տալիս ինտերնետը պահպանել որպես անվտանգ, հասանելի և բոլորի համար բաց տարածք։
Համաժողովի առանցքային նպատակներից է New gTLD ծրագրի մասնակցի ուղեցույցի հաստատումը, ինչը ճանապարհ կհարթի նոր տիրույթների հայտերի ընդունման մեկնարկի համար՝ նախատեսված 2026 թվականի ապրիլին։
«ICANN84-ը հնարավորություն է ոչ միայն բարձրացնելու տեղական խնդիրները միջազգային օրակարգում, այլև հասկանալու՝ ինչպես կարող ենք քայլել համաշխարհային տեխնոլոգիական զարգացումներին համընթաց», — նշեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը։
 
								 
															




























