Դոմենային անունների և IP հասցեների հատկացման ինտերնետային կորպորացիայի՝ ICANN-ի 84-րդ տարեկան ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին, Դուբլինում։ Միջոցառմանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից՝ կառավարությունների, տեխնիկական համայնքի, բիզնեսի, ակադեմիական և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Հայաստանից համաժողովի աշխատանքներին մասնակցում են «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ որպես .am և .հայ դոմենների կառավարիչ կազմակերպություն և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն։
Բացման արարողության ընթացքում ICANN-ն ամփոփեց 2025 թվականի հիմնական ձեռքբերումները՝ շեշտելով կազմակերպության ռազմավարական ուղղությունները՝
- թվային ներառման խթանում,
- DNS չարաշահումների դեմ պայքար,
- արմատային սերվերների արդյունավետ կառավարում,
- հաջորդ new gTLD ծրագրի մեկնարկին նախապատրաստում։
ICANN-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Կուրտ Լինդքվիստն իր ելույթում նշեց․
«ICANN-ը շարունակում է ամրապնդել համաշխարհային, փոխկապակցված և անվտանգ ինտերնետային ենթակառուցվածքը՝ ուշադրություն դարձնելով թափանցիկությանը, հաշվետվողականությանը և աշխատանքի արդյունավետությանը։ Ինտերնետը գործում է անընդհատ, և հենց բազմակողմ համագործակցության մոդելն է ապահովում դրա կայունությունն ու զարգացումը»։
Նա նաև անդրադարձավ new gTLD ծրագրի նոր փուլին՝ նշելով, որ դրա պաշտոնական մեկնարկը նախատեսվում է մոտ վեց ամիս անց՝ որպես բաց և հասանելի գործընթաց, ուղղված՝ բազմալեզու ինտերնետի զարգացմանը։
ICANN84-ում առանցքային է համարվում նաև Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի (WSIS+20) գործընթացը, որի նախապատրաստական աշխատանքներին ICANN-ը մասնակցում է որպես տեխնիկական համագործակցության հիմնական գործընկեր։
ICANN84 ընդհանուր ժողովը կշարունակվի մինչև հոկտեմբերի 30-ը՝ ներառելով ավելի քան 200 թեմատիկ քննարկում։
 
								 
															 
				                      									 
				                      									 
				                      									




























