Հայաստանի համար բարդ ու անորոշ 90-ականների սկզբին գործարկվեց համացանցում երկրի ինքնությունը ներկայացնող .am դոմենային անունը։ Տեխնոլոգիական զարգացման համար ռեսուրսներ գրեթե չկային, սակայն կար ամենաառանձնահատուկը՝ դոմենի և ինտերնետի կարևորման գիտակցումը։ Այդ գիտակցումը համախմբեց մի խումբ նվիրյալների, որոնք ստեղծեցին «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ ստանձնելով .am տիրույթի գործարկման պատասխանատվությունը։
Այդ պահից սկսած՝ արդեն 31 տարի, կազմակերպությունը, ապահովելով .am և .հայ դոմենների կայուն գործունեությունը, նպաստում է Հայաստանի թվային ինքնիշխանության հիմքերի ամրապնդմանն ու զարգացմանը։
Ներկայացնում ենք կազմակերպության խորհրդի անդամ Ալբերտ Տոնեյանի վերհուշից մի դրվագ .am դոմենի 30-ամյա հոբելյանին նվիրված «Համացանցի մեր տարածքը» խորագրով ֆիլմից և նույնանուն ամսագրից։ Սրանք անցած երեք տասնամյակի ամենանշանակալի դրվագներից են։
«Պայթյունի դարաշրջան էր, երբ նոր երևույթը դեռ չյուրացրած՝ քառակի նորը հայտնվում էր, և անհրաժեշտ գիտելիքը պիտի լրացվեր ամեն րոպե։ Կարևոր էր, որ գիտության մեջ իրենց գործով զբաղվողները միանային Հայաստանի համար պատմական այդ ընթացքին։
Կանխատեսումը, նաև՝ բիզնեսի տեսանկյունից, շատ կարճ ժամկետի համար էր։ Պետք էր մարդ, որը գերարագ փոփոխությունների պայմաններում կարողանար կանխատեսել ու կառավարել այդ բիզնեսի հեռանկարը։ Իմ կարծիքով՝ Անդրանիկն այս առումով ուղղակի եզակի՛, եզակի՛ դեր ուներ։ Շփվել եմ շատ և՛ գիտնականների, և՛ բիզնեսմենների հետ՝ բոլորի համար ակնհայտ էր, որ այստեղ արվող գործն իրենք չէին կարողանա անել։ Թողել էին, որ մենք մեր յուղում տապակվենք, անենք՝ ինչ ուզում ենք։
Երկու փոխկապակցված երևույթի մասին էինք խոսում ու մտածում՝ ինտերնետի կենտրոնական կառավարման և .am դոմենի կառավարման։ Բացի դրանից՝ կային նաև ինտերնետի, կապի ապահովման, բաշխման, տարիֆիկացիայի, բիզնեսի բաղադրիչներ։
Նախ պետք էր հասկանալ, թե ինչու արդեն գործող դոմեններում, օրինակ՝ .com-ում, չգրանցել մեր կայքերը ու հարցը փակել, ինչու պիտի ունենայինք մեր դոմենը։ Այս հարցում բոլորս համակարծիք էինք, գիտակցում էինք կարևորությունը։ Մյուսը՝ ինչու պիտի միմյանց հետ մրցակցության մեջ գտնվող մարդկանց ստիպենք, որ նստեն նույն սեղանի շուրջ, ընկերություն անեն, որպեսզի կապի հարցը լուծենք։ Այսինքն՝ երկու հարց կար. առաջին՝ ռեսուրսների, հայկական դոմենի ներքո կայքեր, բազաներ ստեղծելու, երկրորդ՝ այդ ամենը կապի միջոցով սպառողներին հասցնելու։ Երկրորդ մասը բիզնեսի բաղադրիչն էր, մտածում էինք՝ կանենք, ինչ էլ որ լինի։ Առաջինի առումով՝ ռեսուրսներ գեներացնելու, սերվերներ ու կայքեր ունենալու համար շատ կարևոր էր հայկական դոմենի գոյությունն ու կառավարումը։
Հաջողվեց, երևի նաև մեր բախտը բերեց, որ կարողացանք։ Եղել են երկրներ, որտեղ չեն կարողացել նույն սեղանի շուրջ նստել, հասկանալ, ընկերություն անել, կազմակերպվել, և իրենց դոմեններն ուրիշներն են կառավարել։
Առանց գիտական մտքի՝ գործը հազիվ թե գլուխ գար։ Միայն գիտական մտքի ու գործարար ջանքի համադրմամբ ձևավորվեց ինտերնետի նոր ստեղծվող համակարգը, ներդրվեց ցանցը և սկսվեց կապի ոլորտի նոր դարաշրջանը»։
Հայաստան ինտերնետի մուտքի պատմության և կազմակերպության գործունեության մասին նաև «Անլույս ու անհույս տարիներին՝ պայքար հանուն ապագայի» հրապարակման մեջ։




























