Անդրանիկ Ալեքսանյան. «Անլույս ու անհույս տարիներին՝ պայքար հանուն ապագայի»

Համացանցում Հայաստանի հասցե հանդիսացող .am դոմենային անունը գործարկելու համար հատուկ պայմաններ էին անհրաժեշտ։ Դրանք ստեղծելու պատասխանատվությունը 31 տարի առաջ ստանձնեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն։ Կենտրոնացնելով մասնագիտական ներուժը՝ մինչև այսօր ԻՀ ՀԿ-ն շարունակում է զարգացնել ոլորտն ու ընդլայնել ինտերնետ հասանելիությունը։

30 տարիների գործունեության ուշագրավ պահերը՝ որպես վերհուշ, ներկայացրել են կազմակերպության հիմնադիրները՝ հոբելյանի առիթով ստեղծված «Համացանցի մեր տարածքը» խորագրով ֆիլմում և նույնանուն ամսագրում։

Ներկայացնում ենք «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ, տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի վերհուշից մի դրվագ։

«Ինչի՞ց սկսվեց… Կենտրոնում մարդն էր, էնտուզիաստների խումբը՝ Իգոր Մկրտումյանը, Ալբերտ Տոնեյանը։ Նրանք ավելի լավ գիտեին, թե ինչ է ինտերնետը, քան ես։ Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ այն ժամանակ շատ քչերը դա գիտեին։ Ես պարտաճանաչ կատարող էի։ Երբ զրուցեցի կապի նախարար Ռոբերտ Ավոյանի հետ, հարցրեց՝ երբ ինտերնետը բերեք, փոստատարներն ի՞նչ են անելու, կամ՝ ինտերնետը պետությանն ինչքանո՞վ է պետք։ Շատերը չունեին պատասխանը։ Երկրաշարժից հետո կայան էին ստեղծել, ասացի՝ դրանով կզբաղվեք, մինչև տեսնենք՝ ինչ է փոխվում կյանքում։

Ինտերնետի գինը սակարկում էի դրսի գործընկերների հետ ու ճշգրիտ չգիտեի՝ թրաֆիքն ի՞նչ է, ի՞նչ գնով ուզեմ։ Կային բաներ, որոնք չէինք սովորել, որոնց մասին չէինք լսել, չգիտեինք։ Բայց խորքային առումով կային մարդիկ, ովքեր շատ ավելի խելացի էին, շատ ավելին էին հասկանում, տեսնում, ու նրանց դերը շատ ավելի մեծ էր։

Առաջնային խնդիրներից մեկը, որ պետք էր լուծել, հոսանքի հարցն էր․ ծանր տարիներ էին։ Նախ պետք էր մի տարածք ունենալ, որտեղ հոսանք կլիներ։ 24 ժամ հոսանք կար «Արմենտելի» շենքում։ Մեծ պրոբլեմներով, բայց այնտեղ մեզ տարածք տվեցին։

Ի վերջո, ինտերնետ կապ ունեցանք, որը հեռու էր այսօրվա պատկերացումներից, բայց կար, ու մի շարք գիտնականների համար դա, իրավամբ, դարձավ կապեր հաստատելու աղբյուր։ Գալիս էին նամակներ գրելու և ստանալու։ Շենքի պահակ-ոստիկաններն արդեն գիտեին, որ այդ մարդիկ գիտնականներ են և պիտի նամակ ուղարկեն ու ստանան աշխարհի տարբեր գիտական կենտրոններից։ Դա, իրոք, իրադարձություն էր»։

Հայաստան ինտերնետի մուտքի պատմության և կազմակերպության  գործունեության մասին նաև «Ինտերնետ հանրություն ՀԿ-ն բոլորեց իր 31-ամյակը» հրապարակման մեջ։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը