Այս օրը՝ օգոստոսի 4-ը, մենք նշում ենք որպես «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի ծննդյան օր։ 31 տարի առաջ հենց այս օրն է գրանցվել մեր կազմակերպությունը՝ ստանձնելով երկրի զարգացման կարևորագույն ուղղություններից մեկի՝ համացանցի՝ որպես կրթական հիմնական ռեսուրսի զարգացման առաքելությունը։
30-ամյա մեր հոբելյանի առիթով ստեղծված ֆիլմը կազմակերպության և Հայաստան համացանցի մուտքի ու զարգացման ուշագրավ և ինֆորմատիվ պատմությունն է։
Այն վերհիշել է նաև մեր կազմակերպության հիմնադիրներից Իգոր Մկրտումյանը՝ «Համացանցի մեր տարածքը» խորագրով հոբելյանական ամսագրիում, որից ներկայացնում ենք մի հատված։
«Իհարկե, պետք էր ստեղծել նախաձեռնող մի խումբ, որը պատկերացներ՝ ինչպես ինտերնետ ու դոմեն գործարկել Հայաստանում։ Պարզ է, որ պետք է հիմնվեինք այնպիսի կազմակերպությունների վրա, որոնք ունակ էին և պատկերացնում էին անելիքը։ Այդ ժամանակ երկրում առաջատարներից մեկը Երևանի ֆիզիկայի ինստիտուտն էր՝ ԵՖԻ-ն, որը կապեր ուներ Գերմանիայի գիտական շրջանակների հետ, մյուսը՝ «Արմինկո»-ն, որը տեխնոլոգիապես զարգացած ընկերություններից էր ու էլի լավ կապեր ուներ դրսում։ ԵՖԻ-ից նախաձեռնությանը միացավ Ալբերտ Տոնեյանը, որն ինստիտուտի հայտնի մասնագետներից էր, իսկ «Արմինկո»-ից՝ տնօրենը՝ Անդրանիկ Ալեքսանյանը, որը հեղինակավոր դեմք էր, ու նրա խոսքը մեծ նշանակություն ուներ։ Երկուսն էլ հեռատես մարդիկ էին և անմիջապես պատկերացրին՝ ինչ պետք է անել, ու հիմա էլ մտածում եմ, որ առանց նրանց գործը դժվար թե հաջողվեր։
Իհարկե, բոլորս գիտակցում էինք՝ երկրի համար ինչ պատասխանատու գործ ենք ձեռնարկել, ու խնդրի լուծումը դարձավ մեր գերխնդիրը, մեր կյանքի ուղեցույցը։ Կոչ արեցինք հանրության շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ստեղծել Հայաստանի դոմենը կառավարելու ունակ կազմակերպություն, և այդ գործում ընդգրկվեցին Երևանի պետական համալսարանը, Պոլիտեխնիկը, Հանրային գրադարանը, Երևանի բժշկական ինստիտուտը։ Հաջորդ քայլը կազմակերպության ստեղծումն էր, որը կստանար հայաստանյան դոմենը կառավարելու իրավունքը և կզբաղվեր ինտերնետի ու դոմենի գործարկմամբ։ Հիմնադիր ժողով գումարեցինք, ու ստեղծվեց «Հայաստանի ինտերնետ օգտագործողների միություն» հասարակական կազմակերպությունը, որն էլ 2010-ին վերանվանեցինք «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպություն, որը գործում է մինչ այժմ»։
Առաջիկայում պարբերաբար կներկայացնենք հոբելյական մեր հրապարակումից այլ ուշագրավ հատվածներ ևս, որտեղ ԻՀ ՀԿ տարբեր սերունդների անդամներ պատմում են կազմակերպության և .am դոմենի ստեղծման ու անցած ուղղու մասին։





























