Թվային միջավայրում մարդիկ ավելի արագ և արդյունավետ են գործում մայրենի լեզվով, քան նույնիսկ լավ իմացած օտար լեզվով։ Նման եզրակացություն է ներկայացնում Microsoft ընկերության հետազոտական կենտրոնի հրապարակած՝ աշխատաշուկայի ապագային նվիրված “Microsoft New Future of Work” 2025-ի զեկույցը։
Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ երբ օգտատերերը թվային ծառայություններից օգտվում են իրենց լեզվով, դառնում են ոչ միայն տեղեկության սպառողներ, այլև բովանդակություն ստեղծողներ և թվային տնտեսության ակտիվ մասնակիցներ։ Սա նպաստում է տնտեսական ակտիվության աճին և ընդլայնում է մարդկանց մասնակցությունն առցանց ծառայություններին։
Վերջին տվյալների համաձայն՝ ինտերնետից օգտվում է աշխարհի բնակչության շուրջ 75%-ը, սակայն դրանց մեծ մասի` 60%-ի համար համացանցի հիմնական լեզու համարվող անգլերենը մայրենի չէ։ Հետազոտության մեջ նշվում է, որ լեզվական խոչընդոտները կարող են մեծացնել գործարքային ծախսերը, նվազեցնել օգտատերերի վստահությունը և սահմանափակել նրանց մասնակցությունը թվային միջավայրում։
Զեկույցն անդրադառնում է նաև բազմալեզու տեխնոլոգիական լուծումների, այդ թվում՝ արհեստական բանականության վրա հիմնված լեզվական գործիքների նշանակությանը։ Դրանք հեշտացնում են թարգմանությունը, բովանդակության ստեղծումը, հաճախորդների սպասարկումը և միջսահմանային հաղորդակցությունը՝ նվազեցնելով բիզնեսի ծախսերը։
Փորձագետների գնահատմամբ՝ բազմալեզու թվային միջավայրը հատկապես կարևոր է փոքր լեզվական համայնքների համար։ Այն հնարավորություն է տալիս տարբեր լեզուներով աշխատող մարդկանց ավելի հեշտ ներգրավվել գլոբալ աշխատաշուկայում, իսկ զարգացող տնտեսությունների բիզնեսներին՝ արագ ընդլայնել իրենց գործունեությունը միջազգային շուկաներում։
Մասնագետների կարծիքով՝ թվային տնտեսության զարգացման ներկա փուլում լեզուն դառնում է ոչ միայն մշակութային ինքնության, այլև տնտեսական ակտիվության կարևոր գործիք։ Իսկ բազմալեզու ինտերնետի զարգացումը դիտարկվում է որպես ավելի ընդգրկուն և հավասար թվային տնտեսություն ձևավորելու կարևոր պայման։
Պատահական չէ, որ լեզվական խնդրի լուծման ուղղությամբ արդեն ավելի քան մեկ տասնամյակ գործում է «Համընդհանուր ընդունում» (Universal Acceptance) համաշխարհային շարժումը։ Այն նախաձեռնել և առաջ է տանում Դոմենային անունների և IP հասցեների հատկացման ինտերնետ կորպորացիան։ Շարժման նպատակը համացանցում բազմալեզվության ապահովում է, որպեսզի նաև բոլոր վավեր դոմենային անուններն ու էլեկտրոնային հասցեները՝ անկախ օգտագործվող այբուբենից, լիարժեք ճանաչվեն և աշխատեն բոլոր համակարգերում ու հավելվածներում։




























