WSIS+20 և ինտերնետի կառավարումը․ ինչ է նշանակում ՄԱԿ-ի նոր փաստաթուղթը Հայաստանի համար

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողով՝ WSIS+20 եզրափակիչ փաստաթուղթը սահմանում է գլոբալ թվային համագործակցության հաջորդ փուլի քաղաքական և արժեքային հիմքերը։ Փաստաթղթի առանցքում ինտերնետի բազմաշահառու կառավարման մոդելի պահպանումն է՝ որպես համացանցի բաց, անվտանգ և կայուն զարգացման միակ արդյունավետ մեխանիզմ։

«Այս մոտեցումը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի։ Փոքր, բաց տնտեսություն ունեցող և աշխարհաքաղաքական ոչ միանշանակ իրավիճակում գտնվող երկրները ինտերնետը դիտարկում են ոչ միայն որպես հաղորդակցման միջոց։ Այն նաև տնտեսական զարգացման, կրթության, մշակութային ներկայության և ազգային անվտանգության գործոն է։ Բազմաշահառու մոդելը Հայաստանին թույլ կտա մասնակցել գլոբալ որոշումների ձևավորմանը մասնագիտական կարողությունների և պատասխանատու կառավարման միջոցով»,- նշեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը։

WSIS+20-ում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև թվային անջրպետին՝ ընդգծելով, որ դեռևս 2.2 միլիարդ մարդ զրկված է ինտերնետ հասանելիությունից։ Այս խնդրի լուծումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ինտերնետը չի մասնատվում և չի դառնում քաղաքական կամ տարածաշրջանային վերահսկողության գործիք։

«Հայաստանի համար սա նաև ներքին օրակարգ է․ անհրաժեշտ է ամրապնդել բազմաշահառու համագործակցությունը երկրի ներսում՝ պետական, մասնավոր հատվածների, քաղաքացիական հասարակության, ակադեմիական և տեխնիկական համայնքների միջև։ Այդ կերպ հնարավոր կլինի ոչ միայն արդյունավետորեն ներգրավվել գլոբալ գործընթացներում, այլև պաշտպանել ազգային շահերը թվային միջավայրում»,- ընդգծեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը։

WSIS+20-ը հստակ ուղերձ է հղում՝ ինտերնետի ապագան որոշվելու է ոչ թե կենտրոնացված վերահսկողությամբ, այլ համագործակցության որակով։ Հայաստանի համար սա հնարավորություն է՝ ամրապնդելու իր տեղը գլոբալ թվային քարտեզում։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը