Ինտերնետի անվտանգ, կայուն և բաց բնույթը պահպանելու առանցքային պայմանի՝ բազմաշահառու կառավարման մոդելի այլընտրանք չկա։ Այս միտքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի (WSIS+20) բարձր մակարդակի նիստում վերահաստատել է Դոմենային անունների և IP հասցեների հատկացման ինտերնետ կորպորացիայի (ICANN) նախագահ և գործադիր տնօրեն Կուրտ Լինդքվիստը։
Վերջին երկու տասնամյակում հենց այդ մոդելն է հնարավորություն տվել ինտերնետին զարգանալու՝ որպես գլոբալ հանրային ենթակառուցվածք և միավորել կառավարություններին, մասնավոր հատվածին, քաղաքացիական հասարակությանն ու տեխնիկական համայնքին։
Լինդքվիստը նշել է. «WSIS գործընթացն ապացուցել է, որ տեխնիկական համակարգերի արդյունավետ կառավարումը հնարավոր է միայն համագործակցության, վստահության և գլոբալ մասնակցության պայմաններում»։
Նա ընդգծել է, որ ինտերնետի տեխնիկական համակարգման և քաղաքականությունների մշակման խաչմերուկում ICANN-ի դերը շարունակում է մնալ ոչ քաղաքական, բայց խորապես պատասխանատու՝ ուղղված համացանցի միասնականության և փոխգործունակության պահպանմանը։
Ելույթում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև ապագային ուղղված մարտահրավերներին՝
- արհեստական բանականության արագ զարգացում,
- DNS համակարգի չարաշահումների դեմ պայքար,
- թվային ներառման և հավասար հասանելիության հարցեր,
- զարգացող երկրների մասնակցության ամրապնդում գլոբալ ինտերնետ կառավարմանը։
Կուրտ Լինդքվիստը վերահաստատել է ICANN-ի աջակցությունը WSIS+20 գործընթացին և Ինտերնետ կառավարման համաժողովին (IGF)՝ նշելով, որ այդ հարթակները շարունակում են մնալ կարևոր՝ քաղաքականությունների մաշակման հարցում երկխոսության և փոխհամաձայնության ձևավորման համար։
«Ինտերնետը գործում է անդադար։ Դրա կայունությունը կախված է ոչ թե մեկ կառույցից, այլ այն համայնքից, որը համատեղ է կրում այդ պատասխանատվությունը», — ընդգծել է ICANN-ի ղեկավարը։
Նա կոչ է արել պահպանել և ամրապնդել բազմակողմ կառավարման մոդելը՝ որպես ինտերնետի ապագայի հիմք, հատկապես այն պայմաններում, երբ տեխնոլոգիական զարգացումները ավելի արագ են, քան կարգավորող համակարգերի համապատասխանեցումը։




























