Բազմաշահառու կառավարման սկզբունքն է համարվում ինտերնետի կայունության հիմքը, որը պետությունները վերահաստատել են WSIS+20-ում՝ խուսափելու համար համացանցը տարբեր կանոններով գործող «թվային բլոկների» մասնատելու հեռանկարից։ Նպատակը մեկ, գլոբալ և փոխկապակցված ինտերնետի պահպանումն ու զարգացումն է։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան անցած տարեվերջին ընդունեց WSIS+20 եզրափակիչ փաստաթուղթը՝ ամփոփելով «Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի» 20-ամյա գործընթացը։ Փաստաթուղթը գլոբալ վերագնահատումն է ինտերնետի կառավարման ուղիների և առաջիկա տարիների համար դրանց ընտրությունը։
WSIS գործընթացը սկսվել էր 2003-ին ձևավորելու տեղեկատվական հասարակության զարգացման համաշխարհային մոտեցումները։ 20 տարի անց պետությունները, միջազգային կազմակերպությունները և տեխնիկական համայնքը փորձել են գնահատել՝ արդյոք ինտերնետը շարունակում է մնալ բաց, միասնական և հասանելի բոլորի համար։
Արդյունքում վերահաստվել է մի կարևոր սկզբունք․ ինտերնետը համաշխարհային ընդհանուր ռեսուրս է, և դրա կառավարումը պետք է հիմնված լինի բազմաշահառու մոդելի վրա։ Ինչը նշանակում է, որ պետությունների կառավարություններից բացի ինտերնետի կառավարման գործընթացի մասնակց պետք է լինեն նաև տեխնիկական կազմակերպությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ։
Եզրափակչ փաստաթուղթը նաև ընդգծում է թվային բաժանման խնդիրը․ աշխարհում դեռևս միլիարդավոր մարդիկ չունեն կայուն և մատչելի ինտերնետ հասանելիություն։ Հետևաբար, ինտերնետի կառավարման հարցը միայն տեխնիկական չէ․ այն առնչվում է կրթությանը, տնտեսությանը, մարդու իրավունքներին և զարգացման հնարավորություններին։
WSIS+20-ը դիտարկվում է որպես նոր փուլ թվային համագործակցության մեջ։ Այն կարող է ձևավորել քաղաքական և ինստիտուցիոնալ շրջանակը առաջիկա տարիների համար՝ ազդելով թե՛ գլոբալ ինտերնետ կառավարման մեխանիզմների, թե՛ առանձին երկրների քաղաքականությունների վրա։
Հայաստանի համար այս գործընթացը նույնպես նշանակալի է։ Որպես գլոբալ ինտերնետային ենթակառուցվածքի մաս՝ երկիրը նաև ի դեմս .am և .հայ դոմենների կառավարիչ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի ներգրավված է նույն կառավարման սկզբունքներում և որոշումներում, որոնք ընդունվում են միջազգային հարթակներում։
WSIS+20-ի արդյունքներն, ըստ էության, պատասխան են մեկ առանցքային հարցի․ արդյո՞ք ինտերնետը կշարունակի մնալ բաց և միասնական համաշխարհային հարթակ, թե՞ կմտնի նոր՝ ավելի կարգավորվող և մասնատված փուլ։ ՄԱԿ-ի վերջին որոշումը հստակ ազդակ է տալիս՝ պահպանել համագործակցային, բազմաշահառու և գլոբալ մոտեցումը։




























