Միջազգայնացված դոմենային անունների (IDN) զարգացումը կարևոր քայլ է բազմալեզու և բոլորի համար հասանելի ինտերնետի ձևավորման գործում։ Սակայն ազգային այբուբաններով այդ դոմենները դեռևս զգալի տեղ չեն զբաղեցնում համաշխարհային դոմենային շուկայում։
Ռեգիստր կազմակերպությունների 43%-ը կարևորում է IDN-ների դերը, բայց դրանց մասնաբաժինը ընդհանուր դոմենային շուկայում կազմում է ընդամենը 1.2%՝ մոտ 4.4 միլիոն գրանցում։
IDN-ի գրանցումներով առաջատար են՝
- Ռուսաստանը — .рф 769.000,
- Գերմանիան — .de 648.000,
- Չինաստան — .cn 537.000,
- Չինաստան .中国 — 164,000
- Ճապոնիա — 85,000։
Սակայն 19 երկրային դոմենային տիրույթներում IDN գրանցումների թիվը նվազել է, տարեկան միջին աճը կազմել է ընդամենը 0.6%։
Հայաստանը թեև .հայ-ի գրանցումների քանակով հետնապահ է, բայց առաջատար դիրքերում է տեխնիկական լուծումներով։
Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիան՝ ICANN-ը, նման դանդաղ աճը բացատրում է ռեգիստրների և վերջնական օգտատերերի իրազեկվածության պակասով։
Այդ խնդիրը լուծելու նպատակով ICANN-ն իրականացնում է տարաբնույթ նախաձեռնություններ, որոնցից առանցքայինը շուրջ 200 երկիր միավորած «Համընդհանուր ընդունում» համաշխարհային շարժումն է։





























