Առանց արմատային սերվերների, համակարգիչները չէին իմանա՝ որտեղից սկսել կայքի հասցեն գտնելու գործընթացը և կդադարեր գործել ամբողջ դոմենային անունների համակարգը (Domain Name System — DNS)՝ ստեղծելով լայնածավալ խափանումներ։
Root Server-ները դոմենային անունների IP հասցեների շտեմարան չեն, բայց ճշգրտորեն գիտեն դրանց տեղը։ Ըստ այդմ, երբ համացանցում փնտրում եք օրինակ՝ isoc.am-ը, amnic.net-ը կամ ցանկացած այլ կայք՝ հարցումը ստանում է Root Server-ը և ուղղորդում համապատասխան վերին մակարդակի դոմենների (Top-Level Domain — TLD), տվյալ դեպքում` .am-ի և .net-ի սերվերներին։
Ամբողջ աշխարհում գոյություն ունի 13 հիմնական արմատային սերվեր՝ A-Root, B-Root, C-Root, … M-Root։ Յուրաքանչյուրի հարյուրավոր կրկնօրինակներ (anycast nodes) տեղակայված են ողջ աշխարհում՝ համացանցի կայունություն և արագ հասանելիություն ապահովելու համար։











