«Արագած» համակարգիչը․ երբ 28-ամյա Մերգելյանն ու Հայաստանը մտան մեծ տեխնոլոգիական խաղի մեջ

Հայաստանյան գիտական ներուժի կենտրոնացմամբ՝ Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում դեռ 1959-ին ստեղծվել է հայկական առաջին համակարգիչը՝ «Արագածը»։ Այն նախատեսված էր բարդ գիտական և ինժեներական հաշվարկների համար։

Հանրության շրջանում հաստատությունն հայտնի էր որպես Մերգելյանի ինստիտուտ։ Հենց այնտեղ էլ 1961-ին իրականություն դարձավ նաև «Հորիզոն» համակարգիչը, որն արդեն ավելի բարձր արտադրողականություն ուներ և կիրառվում էր արդյունաբերական նախագծերում։

20-րդ դարի կեսերին աշխարհում նոր էր ձևավորվում համակարգչային տեխնոլոգիաների ոլորտը։ Տարածքով փոքր Հայաստանը մեծ գործ էր անում. քայլ առ քայլ դիրքավորվում էր որպես Խորհրդային Միության առաջատար տեխնոլոգիական կենտրոններից մեկը՝ ընդլայնելով միութենական և ընդհանրապես, գիտության սահմանները։ Այս հաջողությունն, իհարկե, պատահական չէր․ հիմքում գիտական ռազմավարությունն էր, պետական ներդրումները և հայ գիտնականների բացառիկ ներուժը։

28 ամյա Սերգեյ Մերգելյանի հիմնադրած ինստիտուտը կարճ ժամանակ անց դարձավ ԽՍՀՄ առաջին հաշվարկային տեխնոլոգոիաների գիտահետազոտական կենտրոններից մեկը։

Հայաստանի իրական տեխնոլոգիական առաջընթացը կապված էր «Նաիրի» համակարգիչների հետ։ 1960-ականներին ստեղծված այս համակարգիչներն իրենց ժամանակի համար բացառիկ էին։ Դրանք ապահովում էին բարձր արագություն, ճկուն ծրագրավորում և լայն կիրառություն՝ արդյունաբերության, գիտության և ռազմական ոլորտներում։ Շատ մասնագետների կարծիքով, դրանք ժամանակակից անհատական համակարգիչների գաղափարական նախատիպն էին։

Հայաստանը դարձավ նաև բազմապրոցեսոր համակարգիչների ստեղծման առաջատար կենտրոն։ «Սևան» համակարգը միաժամանակ իրականացնում էր բազմաթիվ հաշվարկային գործընթացներ։ Այս տեխնոլոգիան հատկապես կարևոր էր ռազմական և ռազմավարական ծրագրերի համար, որտեղ պահանջվում էր տվյալների արագ մշակում։

1970-ականներին Հայաստանը մասնակցեց ԽՍՀՄ ամենամեծ տեխնոլոգիական ծրագրերից մեկին՝ ամերիկյան IBM System/360 համակարգիչների խորհրդային տարբերակների մշակմանը։ Եվ հայ գիտնականները ստեղծեցին EC համակարգիչների կարևոր բաղադրիչները։ Այս համակարգիչները կիրառվում էին պետական կառավարման, բանկային համակարգերի և ռազմական ենթակառուցվածքների ոլորտում։

Հայաստանի տեխնոլոգիական ներուժն առաջարկներ ուներ նաև քաղաքացիական ոլորտին։ Express-2-ն աշխարհում ամենամեծ ավտոմատ կառավարման համակարգերից մեկն էր, որը կառավարում էր երկաթուղային տոմսերի վաճառքը և սպասարկում միլիոնավոր օգտվողների։

Խորհրդային Միությունում ստեղծված համակարգիչների զգալի մասը մշակվել էր հենց Հայաստանում։ Երևանի Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտը և դրա հիման վրա ստեղծված մյուս գիտական կենտրոնները դարձան ԽՍՀՄ տեխնոլոգիական զարգացման առանցքային օղակներից։

Ի վերջո առաջին համակարգիչները ստեղծած գիտնականները ձևավորեցին նաև գիտական դպրոց։ Սամվել Շուքուրյանի հեղինակած հոդվածը փաստում է նաև այդ դպրոցի ազդեցության առկայությունը մերօրյա Հայաստանում։ ՏՏ ոլորտի հնարավորությունները համաշխարհային զարգացումներին համընթաց պահելու գործում առաջընթացի հիմքում նաև ՀԽՍՀ գիտական դպրոցի հետագիծն է։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը