Ինտերնետի ստեղծման շարժառիթներից էր «Սպուտնիկ 1»-ը՝ Երկիր մոլորակի առաջին արհեստական արբանյակը։ ԽՍՀՄ-ն այն հաջողությամբ Երկրի ուղեծիր հասցրեց 1957-ի հոկտեմբերի 4-ին։ ԱՄՆ-ն, հայտնվելով «արբանյակային ճգնաժամում»՝ մեկ տարի անց ստեղծեց Պաշտպանության առաջատար հետազոտական նախագծերի գործակալությունը (Defense Advanced Research Projects Agency՝ DARPA)՝ Պաշտպանության նախարարության ենթակայությամբ։
Խնդիրը քաղաքական, ռազմական, տեխնոլոգիական նորարություններ մշակելն էր՝ սառը պատերազմի սպառազինությունների մրցավազքում հետ չընկնելու համար։ Եվ 1969-ին DARPA-ն ստեղծեց ինտերնետի նախատիպը՝ Առաջատար հետազոտական նախագծերի գործակալությունների ցանցը (Advanced Research Projects Agency Network՝ ARPANET)։
ARPANET -ը պետք է դիմանար միջուկային հարվածին՝ մնալով աշխատունակ, անգամ որոշ հատվածների վնասվելու դեպքում։ Այս խնդրի լուծումը գտնվեց ավելի ուշ, իսկ սկզբում կապեց երկու համակարգիչներ՝ մեկը Կալիֆոռնիայի Ստենֆորդի համալսարանից, մյուսը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտից։ Առաջին հաղորդակցությունը «login» բառի փոխանցումն էր, որը հնարավոր եղավ երկու փորձից՝ նախ տեղ հասան առաջին երկու տառերը, երկրորդ փորձին՝ բառն ամբողջությամբ։ Այդ օրը 1969-ի հոկտեմբերի 29-ը համարվում է ինտերնետի ծննդյան օր։
Միայն 1973-ին ARPANET -ը սկսեց դուրս գալ ԱՄՆ-ի սահմաններից` դառնալով միջազգային ցանց, իսկ արդեն 1977-ից կապեց 100 համակարգիչ։ Պահանջվեց ևս վեց տարի օգտատերերի թիվը 4000-ի հասցնելու համար։
Չդիմանալով առաջին կիբերհարձակմանը և չհաղթահարելով կառուցվածքային խնդիրները` 1988-ից ARPANET – ն աստիճանաբար զիջեց դիրքերը, իսկ երկու տարի անց՝ 1990-ին դադարեց գոյություն ունենալ, բայց դարձավ ներկայիս համացանցի հիմնաքարը։
Համացանցի ստեղծման այլ մանրմասները ներկայացված են «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանում, որտեղ ՏՏ ոլորտի հասկացությունների, անձանց, կազմակերպությունների մասին հոդվածներն ավելացել են 100 — ով՝ .am-ի և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի 30 ամյակին նվիրված « ՎիքիՀայ » արշավի շրջանակում։