Տեխնոլոգիական խոշոր ընկերությունները ICANN֊ի հետ սկսել են ներդնել UA լուծումներ

Համընդհանուր ընդունման (UA) միջազգային օրվա և Հայաստանում այդ առիթով կազմակերպված համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում էր ICANN խորհրդի անդամ Մաարտեն Բոտտերմանը։ Նա պատասխանել է մեր մի քանի հարցերին։

-Ո՞ր փուլում է UA շարժումն աշխարհում։ 

-Արդեն 20 տարի է, ինչ խոսում ենք միջազգայնացված դոմենային անունների (IDN) մասին, և վերջին 10 տարիներին Համընդհանուր ընդունման (UA) աշխատանքային խումբը նպաստում է IDN-ների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ Կարծում եմ՝ հասել ենք մի փուլի, երբ իրազեկվածությունն այլևս մեծ խնդիր չէ։ Ակնհայտ է, որ IDN-ների զարգացումը միայն ազգային այբուբենով դոմենների զարգացման մասին չէ, այլև լեզուների խթանման։ Այսօր ականատես ենք ավելի լայն իրազեկման փուլի։ Համագործակցություն է սկսվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ լեզուների զարգացման ու կիրառման,  ազգային մշակույթի պահպանման կարևրության տեսանկյունից։ Բուն գործընթացի առումով, կարծում եմ՝ հասել ենք մի փուլի, երբ անհրաժեշտ է կենտրոնանալ գործարկման աշխատանքների վրա, որպեսզի բովանդակությունն ու տեխնոլոգիան գործեն միասին։ Այդ հարցում ICANN-ն առանցքային դեր ունի։ Մենք աջակցում ենք  գործընթացին առանձին երկրների մակարդակում, ինչպես նաև համագործակցում ենք  տեխնոլոգիական խոշոր ընկերությունների հետ, որոնք թվային միջավայրի հենասյուներն են, որպեսզի նրանք նույնպես ընդունեն և ներդնեն UA մոտեցումները։ Կարող ենք արձանագրել, որ այդ ընկերությունները պատրաստակամորեն սկսել են համագործակցել ICANN-ի տեխնիկական խմբի հետ՝ համապատասխան ստանդարտներն ու կոդերը ներդնելու նպատակով։ Այնպես որ UA-ին չաջակցելն ընկալվելու է որպես համակարգի խնդիր։ Ուստի, ըստ իս, IDN-ների ապագան պայծառ է, և դրանով պայմանավորված՝ բազմալեզու համացանցը շարունակաբար կզարգանա։

-Ի՞նչ եք կարծում, ե՞րբ կարող ենք արձանագրել, որ UA֊ն արդեն
գործում է։ 

-Այն արդեն գործում է։ Շատ երկրներում ունենք օգտվողներ։ Իհարկե, IDN-ներից օգտվողների շրջանակն աշխարհում ավելի փոքր է, բայց այն կիրառում են որոշակի տարածաշրջաններում։ Ուստի IDN-ները կշարունակեն գործել ու զարգանալ ինտերնետին զուգընթաց։ Հայաստանի օրինակն այս համատեքստում շատ լավն է։ Այն (.հայ դոմենը՝ հեղինակ) օգտագործում են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում՝ հայկական Սփյուռքում։ Կարծում եմ՝ սա կարևոր հավելյալ արժեք է, որը հայերին մայրենի լեզվով շփվելու հնարավորություն է տալիս։ Որտեղ էլ լինեն, կարող են ազգային լեզվով բովանդակություն ստեղծել։ Սա, իսկապես, մեծ առաջընթաց եմ համարում։

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ջանքները UA-ի ուղղությամբ։

-Երկար ժամանակ հետևել եմ Հայաստանում արվող գործին։ Ակնհայտ է, որ  ISOC-ի Հայաստանի մեր գործընկերներն ակտիվորեն ներգրավված են UA առաջխաղացման գործում՝ սկսած 2023 թվականից։ Ինձ տպավորել է ներկայացված տեսլականը։ Ըստ ամենայնի, Հայաստանն իսկապես պատրաստ է այս ճանապարհն անցնելուն։ UA-ն այստեղ ընկալում են որպես հնարավորություն, չնայած այն հանգամանքին, որ փոքր ազգերի լեզուների համար մեծ ազգերի լեզուների համեմատ տնտեսապես ներդրումների պատկերն այլ է։ Ես տեսնում եմ նվիրվածությունը, զգում գործադրվող ջանքը։ Այն տպավորիչ է։

Հարցազրույցը՝ տեսագրությամբ ։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը