Google-ը 2006-ին ստիպված էր դատական կարգով տեր լինել google.by դոմենին, որը գրանցել և տիրույթում տարիներով իր բիզնեսն էր ներկայացրնում մի գործարար՝ Բելառուսից։ Tesla Motors-ը պարտադրված օգտագորում էր teslamotors.com դոմենը, քանի որ tesla.com-ը պատկանում էր մի մասնավոր անձի, ումից 2016-ին ընկերությունը ստիպված էր մեծ գումարով գնել դոմենը՝ վերջ տալով դեռևս 1990-ին ծագած այդ խնդրին։ Microsoft.org-ը գրանցած անձն էլ 2001-ին չհաջողեց դոմենը Microsoft-ին բազմակի բարձր գնով վաճառելու փորձը, քանի որ դատարանը որոշեց տվյալ դոմենը վերադարձնել ընկերությանը։
Նկարագրված դեպքերն ունեն ընդհանուր անուն՝ կիբեռսքվաթինգ (cybersquatting)։ Այն ինտերնետային դարաշրջանի իրավական խնդիրներից է՝ դոմենային անունների չարաշահում, որը վերածվել է ժամանակակից թվային շանտաժի։ Հեղինակները կիբեռսքվաթերներն են։ Նրանք գրանցում են հայտնի ապրանքանիշերի, ընկերությունների, ինչպես նաև հանրահայտ անձանց անուններին նման կամ նույնական դոմեններ՝ առանց վերջիններիս համաձայնության։ Նպատակը պարզ է՝ վաճառել այդ դոմենները օրինական տերերին՝ բազմակի ավել գնով կամ օգտագործել սեփական բիզնեսը զարգացնելու համար։
Չարաշահման այս տեսակը՝ կիբեռսքվատինգը որոշ երկրներում կարգավորվում է օրենքով կամ ենթակա է միջազգային արբիտրաժային գործընթացների, օրինակ՝ ՄԱԿ-ի համակարգում գործող Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (World Intellectual Property Organization՝ WIPO) միջոցով։ Հնչողություն ստացած «madonna.com»-ի գործը լուծվեց հայտնի երգչուհի Մադոննայի օգտին՝ հենց WIPO-ի որոշմամբ։
Կիբեռսքվաթինգի և այլ կիբեռչարաշահումների մասին առավել մանրամասն տեղեկություններ է ներկայացնում «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանը, որտեղ ՏՏ ոլորտի հասկացությունների, անձանց, կազմակերպությունների մասին հոդվածներն ավելացել են 100 — ով՝ .am-ի և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի 30 ամյակին նվիրված « ՎիքիՀայ » արշավի շրջանակում։`