Ինտերնետ կառավարման 19-րդ համաժողով՝ «Կառուցում ենք մեր բազմակողմանի թվային ապագան»

Ինտերնետ կառավարման 19-րդ համաժողովը (IGF՝ Internet Governance Forum), որն այս տարի կրում էր «Կառուցում ենք մեր բազմակողմանի թվային ապագան» խորագիրը, անցկացվեց Սաուդյան Արաբիայի Էր-Ռիադ քաղաքում։ Դեկտեմբերի 15-19-ը համաժողովն առցանց եւ առկա ձեւաչափերով մեկտեղեց շուրջ 11000 մասնակցի՝ ավելի քան 140 երկրից։

Հայաստանից համաժողովին մասնակցեցին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, նաեւ՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի փոխնախագահներ Վահան Հովսեփյանն ու Քրիստինա Հակոբյանը։

«Թվային աշխարհի նոր մարտահրավերների եւ դրանք հաղթահարելու ուղիների քննարկման կարեւորագույն այս հարթակում մեր կազմակերպության մասնակցությունը հնարավորություն է ներկայացնելու մեր փորձը, տեղեկանալու համաշխարհային միտումներին։ Սա էականորեն նպաստում է ավելի արդյունավետ աշխատելուն»,- նշեց Քրիստինա Հակոբյանը։

IGF2024-ի 300 նիստերում թվային ոլորտի փորձագետները, մասնագետները, պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկեցին ինչպես թվային տեխնոլոգիաների կիրառման առավելությունները, այնպես էլ դրանց հետ կապված ռիսկերը։ Անդրադարձան նաեւ թվային դարաշրջանում խաղաղության, կայունության, մարդու իրավունքների ապահովման հարցերին։ Ուշադրության կենտրոնում էին արհեստական բանականության օգտագործման կարգավորման, կիբեռ անվտանգության խնդիրները եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերը։

IGF 2024-ը շարունակելով համաժողովի դերակատարությունը միջազգային թվային քաղաքականության ձեւավորման գործընթացում՝ աշխատել է նաեւ Համաշխարհային թվային համաձայնագրի (GDC) նախապատրաստման եւ Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի (WSIS+20) վերանայման ուղղությամբ։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը