«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» հասարակական կազմակերպությունը, Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU` International Telecommunication Union) օժանդակությամբ, վերազինել է Հայաստանի կույրերի միավորման Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տանը գործող ձայնագրման ստուդիան, որը տարիներ առաջ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի ստեղծած ինտերնետ կենտրոնի մասն է։
Ստուդիան ծառայել է տեսողության խնդիրներ ունեցողների «Մենք» ինտերնետային ռադիոյին։ Տեխնիկական վերազինումից հետո կվերսկսվեն ռադիոհաղորդաշարերի, աուդիոգրքերի ձայնագրման աշխատանքները եւ կմեկնարկեն նոր նախագծեր՝ փոդքասթեր, տեսագրություններ եւ այլն։
«Հատուկ կարիքներով անձանց խնդիրները մշտապես եղել են մեր ուշադրության կենտրոնում։ Ուրախ ենք այս համագործակցության համար, որը կայացավ ITU-ի օգնությամբ։ Հատկապես ուրախալի է, որ տարիներ առաջ մեզ հետ սկսած գործը նոր թափ կստանա, ինչը համայնքի համար շատ կարեւոր է։ Ստուդիայի տեխնիկական վերազինումն կնպաստի տեսողության խնդիրներ ունեցող հայաստանաբնակ անձանց կյանքի եւ կրթության որակի բարձրացմանը» ,- նշել է ԻՀՀՀ ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը։
Կույրերի միավորման ՏՀՏ դասընթացավար Վահե Արզումանյանը, օրերս մասնակցելով ԱՊՀ երկրների համար Մինսկում ITU-ի անցկացրած սահմանափակ հնարավորություններով անձանց համար սեմինարին, ներկայացրել է ստուդիայի գործունեության ծրագիրը եւ արժանացել հավանության։