Ռուս-հայկական համալսարանում կայացած «Ակադեմիական ներգրավման օր» միջոցառման բանախոսներն ինտերնետ զարգացման կազմակերպությունների առաջատար մասնագետներ էին, լսարանը՝ ուսանողներ եւ ուսուցիչներ։ Վերջիններիս ներկայացվել են ինտերնետի ազդեցությունը նորարարական տնտեսության զարգացմանն ու աճին, RIPE NCC, ICANN, Internet Society եւ գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող կրթաթոշակային ու դրամաշնորհային ծրագրերը, ինչպես նաեւ կարողությունների զարգացման նախաձեռնությունները։
«Այս ծրագրերն ու նախաձեռնությունները լրացնում են հիմնական կրթական ծրագրերը։ Այսօրվա իրողությունները թույլ են տալիս, միայն ինտերնետ հասանելիություն ունենալով, հեռակա կարգով կառավարել եւ օգտագործել բոլոր ապրանքներն ու ծառայությունները: Սա այն է, ինչ կարեւոր է այս ոլորտում եւ ընդհանրապես երկրի ապագայի համար»,- ասել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ, «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ տնօրեն Քրիստինա Հակոբյանը՝ անդրադառնալով ICANN եւ Internet Society կազմակերպությունների կողմից իրականացվող կրթաթոշակային ու դրամաշնորհային ծրագրերին։
RIPE NCC Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների արտաքին հարաբերությունների գծով տնօրեն` Վահան Հովսեփյանը տեղեկություններ է ներկայացրել RIPE NCC էկոհամակարգում ներգրավման, առաջիկա դասընթացներում, դրամաշնորհային եւ հավաստագրված մասնագետների ծրագրերին մասնակցելու հնարավորությունների մասին․ «RIPE NCC-ին իր գործընկեր կազմակերպությունների հետ փորձում է նպաստել ինտերնետի կայուն եւ ապահով զարգացմանն ու կենսագործունեությանը՝ ամբողջ աշխարհում։ RIPE NCC համայնքին աշխատանքային խմբերի միջոցով կարող են անդամակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են ինտերնետի զարգացմամբ։ Սա լավ հնարավորություն է հատկապես ուսաողների եւ ուսուցիչների համար։ Իսկ դուք առաջին քայլն արդեն արեցիք՝ տեղեկություններին ծանոթացաք»։