Skip to main content

Ալենուշ Տերյան՝  Իրանի ժամանակակից աստղաֆիզիկայի վառ անունը

Իրանի առաջին կին պրոֆեսոր Ալենուշ Տերյանին, իրավամբ, կոչել են  «Իրանի ժամանակակից աստղաֆիզիկայի մայր»։ Կյանքի 90 տարիների ողջ գիտակցական մասը նա օգտագործել է ինքնազարգացման և գիտության մեջ իր տեղն ունենալու համար։

Թեհրանում ծնված հայ աղջնակը՝ Ալենուշը, իր ձգտման շնորհիվ և ծնողների միջոցներով սովորել է Թեհրանի համալսարանի Գիտության, ապա Սորբոնի համալսարանի Մթնոլորտային ֆիզիկայի ֆակուլտետներում։ Իսկ Արևմտյան Գերմանիայի Արևային ֆիզիկայի աստղադիտարանում սովորել-աշխատելու կրթաթոշակը Թեհրանի համալսարանը շնորհել է հենց Ալենուշ Տերյանին։ Ու թեև նա և՛ Ֆրանսիայում, և՛ Գերմանիայում ապրել աշխատելու շահեկան առաջարկներ է ունեցել, բայց գերադասել է իր իմացությունները ծառայեցնել Իրանին։

Բանիմաց և գեղեցիկ տիկինը, սակայն, ընտանիք չի ձևավորել և առիթ է ունեցել ասելու. «դստերս անունն Արեգակ է, որդունս՝ Լուսին»։ Նա կյանքի վերջին տարիներն անցկացրել է ծերանոցում, իսկ տունը, տուրք տալով ծնողների հիշատակին, կտակել է Նոր Ջուղայի հայ համայնքին, որպեսզի այնտեղ կարողանան բնակվել կացարան չունեցող ուսանողները։

Ալենուշ Տերյանը Թեհրանի համալսարանում դասավանդել է  թերմոդինամիկա, աստղաֆիզիկա։ Եղել է Թեհրանի համալսարանի Եկրաֆիզիկայի կոմիտեի անդամ, ապա նշանակվել նույն համալսարանի Երկրաֆիզիկայի հիմնարկի արևային ֆիզիկայի հետազոտությունների խմբի նախագահ և մեծ դեր կատարել արևային ֆիզիկայի աստղադիտարանի հիմնադրման ու զարգացման գործում։

Իրանաբնակ հայ գիտնականին իշխանությունները պատվել են նրա ողջության օրոք՝ արժանացնելով երկրի նախագահի գնահատագրի և շքանշանի։

Լուսանկարները՝ norjugha.ir կայքից

Facebook
Twitter

Բաժնի նյութերը