Հայաստանի կոդ հանդիսացող .am դոմենային տիրույթը գործարկման 32-րդ տարում շարունակում է ընդլայնել իր ներկայությունը համաշխարհային դոմենային շուկայում։ Այս պահին .am ccTLD-ում գրանցված է ավելի քան 48.500 դոմենային անուն, ինչը վկայում է ոչ միայն տիրույթի կայուն զարգացման, այլև դրա նկատմամբ շարունակական հետաքրքրվածության մասին։
Գրանցումների ավելի քան 62%-ը Հայաստանից է կատարված։ Միաժամանակ .am-ն արդեն վաղուց միայն տեղական շուկայի դոմեն չէ։ ԱՄՆ-ից գրանցված 9.187 անունը, Չինաստանից՝ 1.778, Ռուսաստանից՝ 1.177, ինչպես նաև Գերմանիայի 514 գրանցումներն ապացույց են .am-ի միջազգային պահանջարկի։ Այս փաստը պայմանավորված է ոչ միայն Հայաստանի հետ կապ ունեցող օգտատերերով, տիրույթում ազատ մեծ քանակի ազատ անուններով, այլև .am հապավման բրենդային և ասոցիատիվ արժեքով։
.am ccTLD-ն օգտագործվում է որպես ճանաչելի հապավում տարբեր ոլորտներում, օրինակ՝ Artificial Intelligence & Machine Learning (AM), Additive Manufacturing (AM), Asset Management (AM), Augmented Marketing (AM), Armenian Made (AM)։ Այս գործոնը .am-ին տալիս է լրացուցիչ մրցակցային առավելություն համաշխարհային դոմենային շուկայում։
.am-ի զարգացման մյուս կարևոր բաղադրիչը բաց և հասանելի գրանցման մոդելն է։ 79 հավատարմագրված ռեգիստրար Հայաստանում և նրանց ռեսելլերներն ամբողջ աշխարհում ապահովում են նոր դոմենների գրանցումը՝ հնարավորություն տալով աշխարհի ցանկացած երկրից ֆիզիկական և իրավաբանական անձանց գրանցելու .am դոմենային անուններ։




























