Ամփոփվեցին «Վիքի.հայ» հոբելյանական մրցույթի արդյունքները

«Ինտերնետ հանրություն» եւ «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ ամեն տարի կազմակերպվող «Վիքի.հայ» մրցույթն այս տարի նվիրված էր .am դոմենի հիմնադրման եւ համացանցը Հայաստան բերելու 30-րդ տարեդարձին։

Մրցույթի նպատակը համացանցը հայերեն բովանդակությամբ հարստացնելն է։ Այս տարի հոբելյանի առիթով ստեղծվող բովանդակության ուղղությունը համացանցն ու դոմենային ոլորտն էին: Ըստ այդմ՝ վերջին երկու ամիսներին ստեղծվեց եւ «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանում զետեղվեց շուրջ 100 հոդված՝ այդ ոլորտներում մեծ ներդրում ունեցած տեղի ու միջազգային գործիչների, կազմակերպությունների, հասկացությունների եւ միջոցառումների մասին։

«Վիքի.հայ»-ի արդյունքներն ամփոփվեցին .am-ի եւ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի 30-ամյա հոբելյանի հանդիսավոր արարողությանը։ Ըստ բովանդակային ուղղությունների սահմանված 4 անվանակարգերում պարգեւատրվեցին «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության 7 խմբագիրներ՝ Արշալույս Այվազյանը, Արմինե Աղայան-Ֆլիշը, Ալավա Սահակյանը, Անի Գրիգորյանը, Մարի Ավետիսյանը եւ Էմիլի Մելիքյանը։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն շնորհեց նաեւ հոբելյանական հատուկ մրցանակներ։ «.am 30» մրցանակին արժանացավ Արգամ Հակոբյանը՝ հայկական ազգային դոմենային անվան մասին հոդվածները հեղինակելու համար։ Մյուս հատուկ մրցանակը շնորհվեց Մհեր Բեքարյանին՝ համացանցում հայերեն բովանդակության հարստացման գործում անձնական նշանակալի եւ բազմամյա ներդրման համար։

Մրցանակները հանձնեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը։ Նա շնորհակալություն հայտնեց բոլորին՝ կատարված բարձրակարգ աշխատանքի համար։

«Մշակույթի, լեզվի պահպանումը, ինքնության ամրապնդումը այսօր պահանջում է նաեւ ինտերնետում հայկական տիրույթների ընդլայնում։ Մեր կազմակերպությունը կշարունակի այս խնդիրների լուծման նպատակով միավորել ստեղծագործ եւ պատասխանատու մարդկանց։ Այս իմաստով՝ «Վիքի.հայ»-ը կարեւոր է։ Այն օրինակ է հաջողված համագործակցության»,- ընդգծեց Ալեքսանյանը։

««Ինտերնետ հանրությունը», արդեն տարիներ իրականացնելով «Վիքի.հայ» մրցույթը, մեծապես նպաստում է համացանցում հայերեն որակյալ բովանդակության հարստացմանը։ Մեր կազմակերպության հետ համագործակցության արդյունքում ունենք նոր շուրջ 2000 եւ բարելավված բազմաթիվ այլ հոդվածներ՝ «Վիքիպեդիայում»»,- ասաց Մհեր Բեքարյանը։

Բոլոր անվանակարգերում պարգեւատրվածները ստացան պատվոգրեր եւ դրամական մրցանակներ։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը