Ապահով գաղտնաբառեր ու պարտադիր թարմացումներ՝ տարրական կիբերհիգիենա

«Մեդիագրագիտության շաբաթ» միջոցառումների շրջանակում ԻՀ ՀԿ անդամ, կիբեր անվտագության մասնագետ Կարեն Գասպարյանը նոյեմբերի 9-ին Երեւանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119, Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 դպրոցներում ներկայացրել է կիբերհիգիենայի հիմունքները եւ կարեւորությունը:

Ավագ դասարանների աշակերտները տեղեկացվել են տարբեր հարթակներից օգտվելիս անվտանգության կանոնները շրջանցելու վտանգներին, ինչպես նաեւ կիբերհիգիենայի ապահովման  տարրական պայմաններին ու հնարավորություններին։

Գաղտնաբառը պետք է բաղկացած լինի տարբեր նիշերից:

Յուրաքանչյուր հարթակում պետք է օգտագործել առանձին գաղտնաբառ:

Բանկային քարտի տվյալները ցանկացած հարթակ մուտքագրելիս պետք է զգոն լինել ու մի քանի անգամ ստուգել հարթակի անվտանգության ցուցանիշները։

Չխուսափել համակարգիչների եւ հեռախոսների ծրագրային թարմացումներից։

Թվարկվածը համացանցի տարբեր հարթակներից անվտանգ օգտվելու պարտադիր պայմաններից է՝ կիբերհիգիենայի մաս։

«Հայաստանում մեդիագրագիտության մակարդակի բարձրացման համար խիստ կարեւոր ենք համարում տարրական իմացությունների տարածումը։ Աշակերտների հետ աշխատելով՝ փորձում ենք կիբերհիգիենայի կանոններին տեղեկացնել նաեւ նրանց ընտանիքների ավագներին», — մանրամասնել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանը։

Կազմակերպությունը կիբերհիգիենայի պայմաններն ու հնարավորությունների  ամբողջությունը ներառող այս խիստ արդիական դասախոսությունը կներկայացնի նաեւ այլ հաստատություններում ու կազմակերպություններում։

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցում, որտեղ «Հայաստանի օպերատորների միության» նախաձեռնած մեդիագրագիտության նախագծերի մասին  կխոսի կազմակերպության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։

 

Facebook
Twitter

Բաժնի նյութերը