Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիայի՝ ICANN-ի առանցքային նպատակներից է դարձել համացանցի բազմալեզվության ապահովումը։
Ինտերնետը՝ որպես բազմակողմանի և անսպառ կրթական ռեսուրս, ինչպես նաև բազմատեսակ ծառայություններից օգտվելու միջավայր, պետք է լինի բազմալեզու և հասանելի։
Հենց այդ նպատակին է ծառայում կորպորացիայի նախաձեռնած «Համընդհանուր ընդունում» (ՀԸ) համաշխարհային շարժումը։ Այն այժմ արդեն իր շուրջն է միավորել շուրջ 2 հարյուր երկիր։
Այսպիսով, ներկայում, երկրի կոդ հանդիսացող դոմենների՝ ccTLD-ների 85% և վերին մակարդակի դոմենների՝ gTLD-ների 41%-ն է աջակցում ոչ լատինատառ դոմենների՝ միջազգայնացված դոմենային անունների (IDN՝ Internationalized Domain Names) կիրարկմանը։
Իսկ նման դոմենային անուններ՝ հայատառ .հայ-ի օրինակով, գործում են աշխարհի տարբեր լեզուներով, ինչպես՝ .中国 (Չինատան), .рф (ՌԴ), .امارات (ԱՄԷ), .срб (Սերբիա) և այլն։
ICANN-ի՝ համընդհանուր ընդունման գործընթացը խթանող UASG խումբն օրերս տեղեկացրել է, որ հուլիսի 1-ից երկրներին կտրամադրի ՀԸ թարմացումների հերթական փաթեթը։