Լիովեն հայատառ՝ .հայ դոմենային տիրույթում առաջին գրանցման 9-ամյակը նշեցինք տոնական ֆլեշմոբով՝ հունիսի 7-ին, «Լեռնային պար» խմբաքանդակի հարևանությամբ։
Իրադարձությունը կազմակերպել էր «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ համագործակցելով «Կարին» ավանդական երգի-պարի համույթի հետ։
Ֆլեշմոբի նպատակն էր հանրությանը տեղեկացնել հայատառ .հայ դոմենային տիրույթի հնարավորությունների մասին և ազգային երգ ու պարի միջոցով ներկայացնել հայերեն ինտերնետային տարածքի կարևորությունը։
Դեռևս տասնմեկ տարի առաջ՝ 2014-ին Հայաստանի կոդ հանդիսացող .am դոմենի ռեգիստր «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն սկսել էր նաև .հայ դոմենային տիրույթի ստեղծման գործընթացը, իսկ 2016-ին գործարկեց այն՝ որպես համացանցում երկրի թվային ինքնության կարևոր մասնիկը։
Հայատառ դոմենային տիրույթի զարգացման ուղղությամբ մեր կազմակերպությունը զգալի աշխատանք է կատարում՝ Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիայի՝ ICANN-ի և ոլորտի միջազգային այլ կազմակերպությունների հետ։
Այսօր արդեն .հայ տիրույթում գրանցված է շուրջ 900 հասցե։ Բացի դրանից, արդեն երկրորդ տարին է, ինչ «Ինտերնետ հանրության» մասնագետների ջանքերով .հայ-ում գրանցված դոմեն ունենալու դեպքում հնարավոր է նաև ամբողջովին հայատառ էլեկտրոնային փոստի, օրինակ՝ անուն.ազգանուն@հայ գործարկումը, ինչը կարևոր քայլ է թվային միջավայրում հայերենի լիարժեք ներկայացվածությունն ապահովելու առումով։
Հայատառ դոմենը՝ .հայ-ը, լուծում է ոչ միայն տառադարձման (օրինակ՝ ծաղկաձոր.հայ, քաջարան.հայ) խնդիրը, այլև ապահովում է թվային աշխարհում մեր երկրի ներկայացվածությունը, խթանում՝ ինտերնետի հասանելիությունը նաև միջազգայնացված դոմենային անունների (IDN) և «Համընդհանուր ընդունում» (UA) միջազգային շարժման մակարդակում։
Հ.Գ. Panorama.am — ն անդրադարձել է Ֆլեշմոբին ֆոտոռեպորտաժով։