«Ինտերնետ կառավարման եվրոպական երկրների երկխոսություն» (EuroDIG) համաժողովն այս տարի տեղի է ունեցել Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) և Լյուքսեմբուրգի նախագահության նախաձեռնությամբ, մայիսի 12-14-ը։
EuroDIG2025-ն ընթացել է «Մարդու իրավունքների պաշտպանություն՝ կարգավորման և նորարարությունների միջև հավասարակշռության միջոցով» խորագրի ներքո։ Մասնակցել են՝ տարբեր երկրների ու կազմակերպությունների 800 ներկայացուցիչների մասնակցությամբ։
Համաժողովում Հայաստանը ներկայացրել են ինտերնետ կառավարման համաժողով միջգգերատեսչական խմբի անդամներ Դավիթ Ալավերդյանն ու Սամվել Մարտիրոսյանը։ Ավելի քան 800 մասնակիցների քննարկման առանցքում թվային նորարարությունների պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության հետևյալ խնդիրներն էին՝
- AI համակարգերի ռիսկերը մարդու իրավունքների տեսանկյունից,
- տվյալների գաղտնիության խախտումները նեյրոտեխնոլոգիաների կիրառման ժամանակ,
- ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակումների և սոցիալական ցանցերի վերահսկողության սահմանները,
- տարիքային վավերացման համակարգերի անհրաժեշտությունը երեխաների պաշտպանության նպատակով,
- կիբեռանվտանգության պահանջները՝ ԵՄ նոր օրենսդրության պայմաններում։
EuroDIG2025-ում արձանագրվել է, որ տեխնոլոգիական առաջընթացը պետք է ընթանա մարդու իրավունքների պաշտպանությանը զուգահեռ և լինի նորարարությունն ու պաշտպանությունը ներառող համապարփակ մոդելի բաղադրիչ։
EuroDIG-ի արդյունքներն ուղղակիորեն արտացոլվելու են ՄԱԿ-ի Գլոբալ թվային հռչակագրի և Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի (WSIS+20) գործընթացներում, որոնք ուղղված են ինտերնետի բազմաշահառու, ներառական կառավարման մոդելի պահպանմանն ու զարգացմանը, ինչպես նաև տեշնոլոգիաները մարդու իրավունքների պաշտպանությանը ծառայեցնելուն։
Հիմնական համաժողովին, մայիսի 9-11-ը նախորդել է YOUthDIG երիտասարդական ֆորումը, որը նպաստում է երիտասարդների մասնակցությանը քաղաքական որոշումների կայացման գործընթացներում և խթանում նրանց ներգրավվածությունը թվային ապագայի ձևավորման գործում։