.am-ի ռեգիստր «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը 2016-ի մայիսի 5-ից գործարկեց նաեւ .հայ հայատառ դոմենը։ Այսօր նշում ենք համացանցում հայերենի կիրառումը եւ հայալեզու բովանդակությունը զարգացնելու նպատակով ստեղծված .հայ դոմենի 8-րդ տարեդարձը։
Այս տիրույթի զարգացման գործում մեր կազմակերպությունը լուրջ ջանքեր է ներդրել՝ դրանք համատեղելով ոլորտի միջազգային հզոր դերակատարների հետ, ինչպիսին Դոմենային անունների եւ IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիան է՝ ICANN-ը։
ICANN-ը մեկնարկել է Համընդհանուր ընդունման (Universal Acceptance) համաշխարհային շարժումը, որի նպատակն աշխարհի ժողովուրդներին համացանցն ավելի հասանելի դարձնելն է՝ իրենց ազգային լեզուներով։ Տեխնիկական բազմաթիվ լուծումներ են ձեռնարկվում ազգային լեզուներով դոմենների կիրառման հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ։
«Ինտերնետ հանրության» մասնագետների ջանքերով նախորդ տարվանից հնարավոր է դարձել .հայ դոմենով էլեկտրոնային փոստերի գործարկումը (օրինակ՝ անուն@ինտերնետհանրություն.հայ), ինչն աննախադեպ է։ Դոմենի կիրառելությունն ընդլայնելու համար տեխնիկական հնարավորությունների զարգացումը շարունակվում է։
Հայատառ դոմենը՝ .հայը, ոչ միայն թվային աշխարհում է ապահովում մեր երկրի ներկայացվածությունը, այլեւ գործնականում ներքին միջավայրում հասանելիության եւ մատչելիության կարեւոր խնդիրներ է լուծում` հնարավորություն տալով խուսափել շատ բառերի լատինատառ խրթին տառադարձումներից (օրինակ՝ ծաղկաձոր.հայ)։