«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը, լինելով .հայ դոմնային անունների տիրույթի կառավարիչը, բազմաբնույթ նախագծերի իրականացմամբ՝ նշում է .հայ-ի 6-ամյակը։
Հերթականը «Վիքի.հայ» մրցութային արշավն է, որին միացել է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ։ Մրցութային արշավն այս տարի ուղղված է հայերեն Վիքիպեդիայում հայոց պատմության, մշակույթի, գիտության մասին պատմող բովանդակությունն հարստացնելուն, արդիականացնելուն, լրացնելուն։
«Վիքի.հայը» կմեկնարկի մայիսի 5-ին եւ մասնակցության հայտերը կընդունի մինչեւ մայիսի 15-ը։ Այդուհետ նորեկների համար կկազմակերպվի 15-օրյա դասընթաց։ Հաջորդելիք եռամսյա աշխատանքային փուլը նախատեսված է նոր հոդվածների ստեղծման, խմբագրման ու հրապարակման համար։ Արդյունքներն ամփոփելուց հետո որակյալ եւ ծավալուն բովանդակություն ստեղծած խմբագիրներին դրամական պարգեւներ կշնորհվեն։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ Քրիստինե Հակոբյանի խոսքով՝ կազմակերպությունը նաեւ այս մրցույթով է փորձում նպաստել համացանցում հայկական տիրույթը կայուն կերպով զարգացնելնուն եւ խրախուսում է հայկական բովանդակություն ստեղծող անձանց։
Հայերեն Վիքիպեդիան, որում զետեղված է շուրջ 300 հազար հայերեն հոդված, այս մրցութային արշավի շրջանակում նախորդ տարի համալրվել է շուրջ 700 հայերեն հոդվածով։
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ համահիմնադիր Մհեր Բեքարյանը վստահ է, որ այս տարի «Վիքի.հայ»-ից ավելին կարելի է ակնկալել։