Ամենամյա «Վիքի .հայ» մրցույթն արդեն մեկնարկել է։ Ներգրավված է 22 վիքիխմբագիր։ Առաջին մեկ շաբաթում ստեղծվել է 164 հոդված։
«Վիքի .հայ»-ը «Ինտերնետ հանրության» նախաձեռնությունն է, որն իրականացվում է «Վիքիմեդիա» գիտակրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ, ի նշանավորումն .հայ ազգային դոմենի գործարկման 7-րդ տարեդարձի։
«Ինտերնետ հանրությունը» այսպիսով նպաստում է համացանցում հայկական բովանդակությունը զարգացնելուն եւ արդիականացնելուն։
Օգոստոսի 1-31-ը խմբագիրները կաշխատեն տարբեր թեմաներով հոդվածներ ստեղծելու եւ եղածները վերախմբագրելու ուղղությամբ։
Մրցույթին կարող է մասնակցել հետազոտական միտք, աղբյուրների հետ աշխատելու ունակություններ ունեցող յուրաքանչյուր ոք, խրախուսվում է հատկապես բանիմաց մասնագետների մասնակցությունը` ստույգ տեղեկություններով մեր երկրի պատմությունը հայերեն Վիքիպեդիայում ներկայացնելու եւ այն աղավաղումներից զերծ պահելու համար։
«Վիքի .հայ»-ի հաղթողները «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունից կստանան դրամական մրցանակներ, իսկ ակտիվության սահմանված շեմը հաղթահարողները՝ հավաստագրեր։