ԻՀ-ն միացել է ինտերնետի բազմաշահառու կառավարման աջակից գլոբալ կոալիցիային

Հայաստանի կոդ հանդիսացող .am և հայատառ .հայ դոմենների կառավարիչը՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, միացել է Բազմաշահառու կառավարման աջակից տեխնիկական համայնքի կոալիցիային (Technical Community Coalition for Multistakeholderism — TCCM)։

TCCM-ը հիմնադրվել է 2024 թվականին՝ Գլոբալ թվային պայմանագրի (GDC) մշակման և Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի (WSIS+20) վերանայման նախապատրաստման ընթացքում։

Կոալիցիայի հիմնադիրներն են auDA (Ավստրալիա), CIRA (Կանադա), Nominet (Մեծ Բրիտանիա) և InternetNZ (Նոր Զելանդիա) կազմակերպությունները։

Նպատակն ինտերնետի կառավարման կենտրոնական որոշումների ընդունման գործընթացում տեխնիկական համայնքի մշտական ներգրավվածության ապահովումն է։ Այս պահին կոալիցիային միացել են ավելի քան 40 կազմակերպություններ, որոնք հանդես են գալիս ի պաշտպանություն ինտերնետի բազմաշահառու կառավարման մոդելի։

Այդ մոդելը հնարավորություն է տալիս միասնական և հասանելի համացանցի միջոցով ոչ միայն խթանել գլոբալ հաղորդակցումը, այլև ընդլայնել ժամանակակից ծառայություններից ու կրթական ռեսուրսներից օգտվելու հնարավորությունները։

Հայաստանում, ի դեպ՝ արդեն 11 տարի գործում է ՀՀ կառավարության որոշմամբ ձևավորված «ՀՀ ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խումբը (ԻԿԽ), որում ներառված է ԻՀ ՀԿ-ն՝ նաև որպես կառույցի քարտուղարություն։

ԻԿԽ-ն միավորում է պետական, հասարակական, գիտական, մեդիա ոլորտների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների։ Դրա շնորհիվ  հնարավոր է դառնում արագ արձագանքել ինտերնետի կառավարման ոլորտում ի հայտ եկող մարտահրավերներին՝ հօգուտ Հայաստանի կայուն ինտերնետ միջավայրի։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը