Ինտերնետից ներկայում օգտվում է աշխարհի բնակչության շուրջ 69 %–ը, շուրջ 6 միլիարդ մարդ։ Հաղորդակցման, տեղեկատվության տարածման ու բիզնեսի զարգացման անփոխարինելի այս գործիքը ժամանակին ծնվել է զուտ ռազմական նպատակով։ 1969-ին ԱՄՆ Պաշտպանության նախարարության պատվերով DARPA-ն ստեղծեց ARPANET անունով ցանցը, որը հետագայում վերաճեց ինտերնետի։
Տարիների ընթացքում ինտերնետը դուրս եկավ և՛ ռազմական ու գիտական շրջանակներից, և՛ պետական սահմաններից։ Դրա զարգացումը հանգեցրեց կառավարման մի մոդելի, որը հետագայում ճանաչվեց որպես բազմաշահառու (multistakeholder)։ Այս մոդելը հնարավորություն է տալիս կառավարություններին, մասնավոր հատվածին, տեխնիկական և գիտական համայնքներին, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանը համատեղ կառավարել ու զարգացնել համաշխարհային ցանցը։
Ինտերնետի կառավարումը հիմնված է բաց համագործակցության, թափանցիկության և փոխհամաձայնության սկզբունքների վրա։ Որոշումները կայացվում են մասնակցային կերպով՝ բոլոր շահառուների ներգրավմամբ, ինչը թույլ է տալիս համակարգը պահել ազատ, հասանելի և տեխնոլոգիապես զարգացող։
Գլխավոր դերակատարներն են՝
- ICANN (Internet Corporation for Assigned Names and Numbers) — Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիաICANN-ը պատասխանատու է ինտերնետի դոմենային անվանումների համակարգի ու IP հասցեների բաշխման համար։ Գործում է որպես ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպություն՝ անկախ կառավարություններից, սակայն սկզբնապես ստեղծվել է ԱՄՆ կառավարության նախաձեռնությամբ։
- IANA (Internet Assigned Numbers Authority) — Ինտերնետում հատկացված հասցեների գրանցման մարմինICANN-ի մաս կազմող IANA-ն կառավարում է Root Zone-ը՝ դոմենային համակարգի և համընդհանուր ինտերնետ հասցեների հիմքը։
- IETF (Internet Engineering Task Force) — Ինտերնետի ինժեներիական չափորոշիչների մշակման աշխատանքային խումբՍա բաց տեխնիկական համայնք է, որը մշակում է ինտերնետի հիմնական չափորոշիչները՝ ինչպես աշխատեն e-mail-ը, TCP/IP-ը, HTTP-ն և այլ հիմքային տեխնոլոգիաներ։
- W3C (World Wide Web Consortium) – Համաշխարհային վեբ կոնսորցիումՍահմանում է վեբի չափորոշիչները, օրինակ՝ HTML, CSS, JavaScript և այլն։
- ISPs (Internet Service Provider) — Ինտերնետ ծառայություն մատուցող ընկերություններՏեղական և գլոբալ ինտերնետ մատակարար ընկերություններ, որոնք ապահովում են ինտերնետ կապը և ազդում դրա հասանելիության վրա։
- Երկրների կառավարություններ, ՄԱԿ-ի գործակալություններՏնօրինում են օրենքներն ու անվտանգության պահանջները։ Օրինակ՝ ՄԱԿ-ի ՏՀՏ մասնագիտացված գործակալությունը՝ ITU-ն, համակարգում է որոշ ոլորտներում միջազգային համաձայնագրեր։
Այս մոդելի շնորհիվ ինտերնետը պահպանվում և զարգանում է որպես միասնական, համընդհանուր հասանելիության հարթակ, որը զերծ է մեկ կենտրոնի գերիշխանությունից։ Ինտերնետի բազմաշահառու կառավարման համակարգը համարվում է մարդկության ամենահաջողված գլոբալ համագործակցություններից մեկը։





























