ISOC-ի գրադարանների թվային կառավարման ծրագիրը՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն եւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը համագործակցության սկիզբ են դրել։ ՀԿ-ն բուհում անհատույց կներդնի գրադարանների թվային կառավարման իր մշակած նոր ծրագիրը։

Ծրագրի ներդնման եւ գործարկման մանրամասներն են ճշգրտել ԻՀ ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը եւ ԵԹԿՊԻ ռեկտոր Լիլիթ Արզումանյանը։

«Հայաստանի մարզային գրադարանների հետ ISOC-ի աշխատանքային հարուստ փորձը եւ կարիքների գնահատումը հանգեցրել են այս ծրագրային լուծմանը, որը գրադարանների կառավարման ժամանակակից պայմաններ է ապահովում՝ առանց հատուկ ծախսերի»,- պարզաբանել է ԻՀ ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը։ Նրա խոսքով, ուրախ են աջակցել բուհին՝ լուծելու հարուստ ու եզակի գրականությամբ հարուստ գրադարանի թվային կառավարման խնդիրը։

ISOC-ում մշակված այս ծրագիրն առանձնանում է նրանով, որ գործարկելի է անգամ թույլ հզորություն ունեցող համակարգիչներով, օրինակ, Pentium 4-ով։ Կիրառությունը պարզ է, արագ եւ տարբեր լեզուներով։ Ապահովում է մատենագիտական բոլոր տվյալների պատշաճ գրանցում եւ վարում։ Ներբեռնված թե՛ տեքստերի, թե՛ լուսանկարների մշակումը հնարավոր է՝ առանց այլ հավելվածների ու ծրագրերի։

Տեղեկանալով ծրագրի առավելություններին՝ ԵԹԿՊԻ ռեկտոր Լիլիթ Արզումանյանը նշել է. «Այս ծրագիրը կնպաստի մեր գրադարանի կառավարման արդիականացմանը։ Սա իհարկե, կարեւոր հանգամանք է, բայց պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ կարճ ժամանակում արդյունքներ կունենանք եւ առանց հավելյալ միջոցների ներգրավման»։

ISOC-ի մասնագետները արդեն իսկ սկսել են ծրագրի ներդրման աշխատանքները, նրանք նաեւ խորհրդատվությամբ կաջակցեն ծրագրի գործարկմանը։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը