Ձայնային օգնական «Անահիտը» կօգնի կույրերին կենցաղում

Հայալեզու եւ հայանուն ձայնային նոր օգնական է մշակվել «Իրերի համացանց» դասաընթացի մասնակիցների ջանքերով։

«Անահիտը» ստեղծելու գաղափարը վաղուց կար։ «Իրերի համացանց» դասաընթացը եղավ այն իրականացնելու առիթն ու հնարավորությունը։ Սարքն ամբողջացրինք դասընթացի մասնակիցների հետ՝ երեք ամսում»,- մանրամասնել է դասընթացավար, ծրագրավորող Երվանդ Գալոյանը։

«Անահիտը» հեշտորեն հասկանում եւ կատարում է հայերեն տրվող տարբեր հրահանգներ՝ միացնում ու անջատում է լույսը, էլեկտրական տարբեր սարքեր։ ԻՀ ՀԿ գրասենյակում ցուցադրվեց դրա դեռեւս փորձնական օրինակը, որն առայժմ սահմանափակ գործողություններ է կատարում։ Առաջիկայում «Անահիտի» հնարավորությունները կընդլայնվեն։

«Մեր «Անահիտն», ինչպես եւ նախատեսված էր «Իրերի համացանց» դասաընթացով, կտեղադրվի Կույրերի մշակույթի տան Smart սենյակում՝ որպես նրանց օգնական։ Այսպիսով, նրանք կսովորեն նաեւ խելացի սարքերից օգտվել»,- ասել է Երվանդ Գալոյանը։

14-18 տարեկանների համար նախատեսված «Իրերի համացանց» երկամսյա դասընթացն իրականացրել է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, ՌԴ ֆինանսավորմամբ եւ «Smart City» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Դասընթացում համադրելով տեսական ու գործնական մեթոդները՝ ավելի քան 80 մասնակիցներին ներկայացվել են Smart սարքեր նախագծելու, ամպային սերվերներին միանալու, դրանք կարգավորելու, համացանցի միջոցով կառավարելու տարբերակները։ «Իրերի համացանցն» անցկացվել է Երեւանում եւ Կոտայքի, Լուռու, Սյունիքի, Շիրակի մարզերում։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը