Կանայք ՏՏ ոլորտում․ Հայաստանը գերազանցում է համաշխարհային միջինը

Հայաստանը ՏՏ ոլորտում կանանց ներգրավվածության մակարդակով առանձնանում է՝ գերազանցելով համաշխարհային միջին ցուցանիշն ու մի շարք ԵՄ անդամ երկրների և ԱՄՆ-ին։

UNESCO-ի տվյալներով՝ աշխարհում գիտության և տեխնոլոգիաների ոլորտում աշխատողների շուրջ 33 %-ը կանայք են, իսկ ՏՏ ոլորտում այդ ցուցանիշը տատանվում է 26-30%-ի սահմաններում։ Միևնույն ժամանակ, Համաշխարհային տնտեսական համաժողովի (GEF) ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տեխնոլոգիական ընկերությունների ղեկավար պաշտոններում կանանց մասնակցությունը չի գերազանցում 10-15%-ը։ Արհեստական բանականության (AI) զարգացմամբ զբաղված մասնագետներից միայն 30%-ն է կին։

Կանանց և տեղեկատվական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տվյալներով՝ ԱՄՆ-ում տեխնոլոգիական բնույթի աշխատատեղերի միայն 26%-ն են զբաղեցնում կանայք, իսկ ԵՄ առաջատար Գերմանիայի տեխնոլոգիական աշխատուժի շուրջ 16%-ն է կին։

Հայաստանն այս համապատկերում դիտարկվում է որպես համեմատաբար դրական օրինակ։ Տեղական վերլուծական հարթակների մշակած՝ Հայաստանի տեխնոլոգիական շուկայի 2024-ի զեկույցի և Enterprise Armenia-ի տվյալներով՝ ՏՏ ոլորտում աշխատողներից 23,480-ը՝ շուրջ 40 %-ը կանայք են, ինչը զգալիորեն բարձր է համաշխարհային միջինից։

Նրանցից՝

  • 27%-ը զբաղեցնում է տեխնոլոգիական բնույթի պաշտոններ,
  • 63%-ը ոչ տեխնոլոգիական բնույթի պաշտոններ,
  • 18.8%-ը զբաղեցնում է հիմնադիր կամ բարձր ղեկավար պաշտոններ՝ ոլորտի առաջատար ընկերություններում (միջազգային միջինը՝ միայն 12.4%)։

Այնուամենայնիվ, ինչպես միջազգային, այնպես էլ հայկական իրականությունում կանայք դեռևս քիչ են ներկայացված բարձր ղեկավար պաշտոններում։ Փորձագետների կարծիքով՝ խնդրի լուծման համար անհրաժեշտ են նպատակային կրթական ծրագրեր, ինչպես նաև՝ ներառական կադրային քաղաքականություն, քանի որ բազմաթիվ ուսումնասիրություններով հաստատվել է, որ կանանց ներգրավվածությամբ թիմերը արտադրանքի մշակման և նորարարության ոլորտներում, մեծ հավանականությամբ, 35%-ով կարող են գերազանցել իրենց ցուցանիշները։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը