Հայ մաթեմատիկոս, Իլինոյսի համալսարանի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանի մշակած ադապտիվ կառավարման համակարգով է (adaptive control system՝ ACS) ողջ աշխարհում իրականցվում օդանավերի հսկողությունն ու կառավարումը՝ եղանակային ծայրահեղ անկայուն պայմաններում ապահովելով ավիացիոն անվտանգությունը։ ACS-ն արդյունավետորեն կիրառվում է նաև ծովագնացության, նավթարդյունաբերության և այլ ոլորտներում։
Հովակիմյանը գիտությունը դիտարկում է որպես մարդկանց կյանքը բարելավելու միջոց և այս առումով ձեռքբերումներ ունի ռոբոտաշինության ու տարեցների խնամքի կիրառական ծրագրերում նույնպես։
Իլինոյսի համալսարանի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը ճանաչված է որպես ինքնավար համակարգերի, մեքենայական ուսուցման, նեյրոնային ցանցերի, օդատիեզերական և կենսաբժշկական ճարտարագիտության ոլորտների նորարար գիտնական։ 2008-ից դասավանդում է Իլինոյսի համալսարանում (UIUC), որտեղ ղեկավարում է NASA-ի կողմից ֆինանսավորվող AVIATE կենտրոնը։ Ագրարային ոլորտի համար օդային պատկերների վերլուծությամբ զբաղվող IntelinAir տեխնոլոգիական ստարտափի համահիմնադիրն ու գլխավոր գիտնականն է։ Նա հեղինակել է ավելի քան 500 գիտական աշխատության և երկու գիրք։
Հովակիմյանի ներդրումը բարձր է գնահատել գիտական աշխարհը՝ պարգևատրելով AIAA, SWE և Հումբոլդտի մրցանակներով։ Նրա գործը լայնորեն ներկայացվում է միջազգային մամուլում՝ ներառյալ The New York Times, CNBC և Fox TV։
Մինչդեռ հայ գիտնականի ոգեշնչող պատմության սկիզբը Երևանում էր, որտեղ դպրոցական տարիներին տարված էր նախ անգլերենով ապա՝ երկրաչափությամբ ու ֆիզիկայով։ Մագիստրոսի կոչումը ստացել է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում, դոկտորի աստիճանը՝ Մոսկվայի Կելդիշի անվան Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտում։ Իսկ Հայաստանի համար բարդագույն՝ շրջափակման, պատերազմի, մթության տարիներին, կրթական փոխանակման ծրագրով 1,5 տարի սովորել-աշխատել է Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջատար գիտական կենտրոններում։ Միացյալ Նահանգներում հիմնավորվելու հնարավորություն է դարձել 1998-ին Ջորջիայի տեխնոլոգիական համալսարան (Georgia Tech) աշխատանքի ընդունվելը։ Կարճ ժամանակում, ի թիվս տարաբնույթ դժվարությունների, հաղթահարել է նաև մի քանի նոր ոլորտների ֆունդամենտալ հիմունքներ սովորելու անհրաժեշտությունը։ Վերջինիայի պոլիտեխնիկական համալսարանում (Virginia Tech) աշխատելու հրավերն էլ դարձել է կյանքն ԱՄՆ-ում շարունակելու հիմքը։
Մաթեմատիկոս-գիտնականն այսօր համաշխարհային գիտական վերնախավի մաս է և առաքելությամբ առաջնորդվող անհատ, ով իր ձեռքբերումներն ուղղում է մարդկության բարօրությանն ու գիտության զարգացմանը։
Լուսանկարը՝ illinois.edu կայքից