«Թվային գրագիտություն մարզերում» նախագիծը ներառում է 3 դասընթաց՝ համակարգչային գրագիտություն, ինտերնետ գրագիտություն, սոցիալական մեդիա գրագիտություն։ 2022-ին այն իրականացվել է Հայաստանի 6 մարզերի գրադարաններում։ Տարբեր տարիքի եւ մասնագիտության 150 մասնակիցներին փորձագետները ներկայացրել են թվային աշխարհում ճիշտ կողմնորոշվելու եւ ժամանակակից հասարակության մաս կազմելու համար անհրաժեշտ տեղեկություններ։
Առաջին երկու դասընթացներում խոսվել է ինտերնետում եւ սոցիալական մեդիայում վտանգներից խուսափելու եղանակներից, ինչպես նաեւ այդ տիրույթներում սեփական աշխատանքը ժամանակակից զարգացումներին համապատասխան կազմակերպելու հնարավորություններից։ Համակարգչային գրագիտության դասընթացի մասնակիցներին ներկայացվել են համակարգիչների տեխնիկական եւ ծրագրային անսարքությունների շտկման գործնական մեթոդները։
Նախագիծը հյուրընկալած գրադարաններից յուրաքանչյուրին տրամադրվել է նոր Wi-Fi երթուղիչ եւ վերանորոգված համակարգիչ՝ այդ գրադարաններում ինտերնետ կապն ուժեղացնելու նպատակով։ Տեղում անցկացված դասընթացներին հաջորդել է առցանց հանդիպում՝ ստացած հմտությունների կիրառման ժամանակ առաջացած հարցերին պատասխանելու համար։
«Թվային գրագիտություն մարզերում» ծրագրով «Ինտերնետ հանրություն. Հայաստան հատված» ՀԿ-ն փորձում է նպաստել ինտերնետի տարածմանը, հասանելիության ապահովմանը եւ ինտերնետի միջոցով մարզերում կյանքի որակը բարձրացնելուն։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը համոզված է, որ աջակցելով «Թվային գրագիտություն մարզերում» ծրագրին, ԻՀ ՀԿ գործնականորեն նպաստում է ոչ միայն թվային գրագիտության, թվային անվտանգության որակի բարձրացմանը, այլեւ կապ է ստեղծում մարզերի եւ մայրաքաղաքի միջեւ։
Նույնն են փաստում նաեւ նախագիծն հյուրընկալած բոլոր՝ Արմավիր, Արթիկ, Արտաշատ, Գավառ, Հրազդան, Վանաձոր քաղաքներից դասընթացներին մասնակցած անձինք։