ՏՏ ոլորտին առնչվող պրակտիկ գիտելիքը գործնականում ամրապնդելու և մտահղացումները կիրառելի նախագծերի վերածելու հարթակ էր դարձել ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կազմակերպած հաքաթոնը։
Եռօրյա այդ միջոցառմանը թիմային սկզբունքով մասնակցում էր Հայաստանի տարբեր կրթական հաստատությունների շուրջ 100 ուսանող։ Հաղթող է ճանաչվել երեք թիմ՝ ներկայացնելով լավագույն լուծումներ երեք ուղղություններով՝ տարերային աղետների կանխատեսման և կառավարման տեխնոլոգիաներ, պատկերների թվային մշակում և խելացի տեխնոլոգիական լուծումներ քաղաքաշինության մեջ։
Մասնակից 24 թիմերի աշխատանքը գնահատող ժյուրիի կազմում էր նաև «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը։
«Ուսանողական հաքաթոնը ոչ միայն մրցույթ էր, այլև մի հարթակ, որտեղ գաղափարները վերածվեցին իրական լուծումների։ Ուրախալի է տեսնել, թե ինչպես մեր երիտասարդները կարողանում են համատեղել ստացած գիտելիքը ստեղծարար մտածողության հետ»,- ասել է Քրիստինա Հակոբյանը և ընդգծել, որ ԻՀ ՀԿ-ն մշտապես պատրաստ է ՏՏ ոլորտում կրթական և կիրառական հնարավորությունների ընդլայնմանն ուղղված ջանքերի միավորմանը։





























