Ինտերնետի զարգացման գործում արմատային սերվերներն (Root Server) առանցքային նշանակություն ունեն։ Դրանք ապահովում են համացանցի կարգավորված, կայուն և անվտանգ ընդլայնումը։ Այս սերվերների «ծնունդը» 20-րդ դարավերջին էր՝ այն ժամանակաշրջանում, երբ աշխարհը նոր էր կառուցում իր թվային հաղորդակցության հիմքերը։
1960-ականների վերջին՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ, ստեղծվել և գործում էր ինտերնետի նախատիպը՝ ARPANET-ը։ Դրա զարգացումն առաջացրեց նոր պահանջներ. համակարգիչների միջև կապը պետք է դառնար ավելի արագ, հեշտ, կայուն ու անվտանգ։
Մինչդեռ դոմենային անունների լուծումը (name resolution) կատարվում էր ձեռքով թարմացվող HOSTS.TXT ֆայլի միջոցով։ Ցանցի ընդլայնման հետ այդ մեթոդը դարձավ անկայուն և սահմանափակ։ Եվ 1983-ին, այս խնդիրների լուծման նպատակով, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի տեղեկատվական գիտությունների ինստիտուի (USC Information Sciences Institute) աշխատակից Փոլ Մոքապետրիսը մշակեց նոր հիերարխիկ կառուցվածքով դոմենային անունների համակարգը (Domain Name System՝ DNS)։
Համակարգի վերին շերտը նախատեսված էր կենտրոնական վերահսկողության համար։ Այդ պատասխանատվությունը տրվեց Root Server-ներին, որոնք գործարկման առաջին իսկ պահից՝ 1984-1985-ից դարձան ինտերնետում name resolution գործընթացի «ուղղորդողներ»։
Root Server-ները դոմենային անունների IP հասցեների շտեմարան չեն, բայց ճշգրտորեն գիտեն դրանց տեղը։ Ըստ այդմ, երբ համացանցում փնտրում եք օրինակ՝ isoc.am-ը, amnic.net-ը կամ ցանկացած այլ կայք՝ հարցումը ստանում է Root Server-ը և ուղղորդում համապատասխան վերին մակարդակի դոմենների (TLD), տվյալ դեպքում` .am-ի և .net-ի սերվերներին։
Այս համակարգի կառավարմամբ զբաղվում էր «Ինտերնետում հատկացված հասցեների գրանցման մարմին» կազմակերպությունը (Internet Assigned Numbers Authority՝ IANA), որը ղեկավարում էր նշանավոր ինժեներ Ջոն Պոստելը։ Հենց նա էր տարիներ շարունակ ձեռքով կառավարում name resolution գործընթացի և Root Server-ների համադրումը։ Իսկ տասը տարի անց՝ 1998-ից, այդ գործառույթներն անցան նորաստեղծ «Դոմենային անունների և IP հասցեների կորպորացիային» (Internet Corporation for Assigned Names and Numbers՝ ICANN)։
Տեխնոլոգիական առաջընթացով պայմանավորված՝ տասնամյակներ արդեն գործում է Root Server-ների համաշխարհային ընդգրկման ցանց։





























