Smart լուծումներ՝ Երեւանի բուսաբանական այգու համար

«Smart Botanic՝ հաքաթոն՝ խելացի լուծումներ Երեւանի բուսաբանական այգում» միջոցառման շրջանակում Հայաստանի տարբեր մարզերի եւ մայրաքաղաքի դպրոցականներից ձեւավորված 9 թիմերը կմշակեն ու կներկայացնեն այգու կառավարման SMART լուծումներ։

Հաքաթոնի առաջին փուլը մեկնարկել է այսօր՝ նոյեմբերի 7-ին։ Մասնակիցներին տեղում ներկայացվել են այգու տարածքի պահպանության, ոռոգման, խնամքի, ջերմոցների սպասարկման եւ այլ հիմնախնդիրներ։ Տնօրեն Արսեն Գասպարյանի խոսքով՝ խելացի լուծումների կարիք կա այգու կառավարման եւ զարգացման համարյա բոլոր գործընթացներում։

Միջոցառման երկրորդ փուլում, որը տեղի կունենա նոյեմբերի 18-ին, Երեւանի թիմը մտադիր է մշակել ջերմազգայուն դրոն, որը մշտադիտարկման հնարավորություն կտա եւ կարող է կիրառվել կրակի օջախները, տարատեսակ այլ վտանգները շուտ հայտնաբերելու եւ կանխարգելելու համար։
Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր եւ Լուսակունք գյուղերի դպրոցականների թիմերը կմշակեն smart ջերմոցի մոդել, որն ավտոմատացված կերպով կորոշի հողի խոնավությունը, օդի ջերմությունը եւ ոռոգման ու ջեռուցման ինքնակառավարվող համակարգերով կհամապատասխանեցնի տվյալ բուսատեսակի համար սահմանված նորմատիվին։

«Այսպիսի նախաձեռնությունները խրախուսելի են եւ անհրաժեշտ։ Զարգանալու դեպքում՝ կարող են հետաքրքիր լինել նաեւ Հայաստանից դուրս»,- ողջունելով հաքաթոնի մասնակիցներին՝ ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը եւ հորդորել լավագույն նախագծերի իրականցման համար դիմել նաեւ ԲՏԱ նախարարության դրամաշնորհային ծրագրերին։

 

Տեսնել ավելին

Facebook
Twitter

Բաժնի նյութերը