Հեռախոսի կամ ցանկացած այլ տեխնիկայի առաջին թշնամին փոշին է, երկրորդը՝ խոնավությունը։ Երկարատեւ օգտագործելու համար տեխնիկան հարկավոր է զերծ պահել փոշուց եւ խոնավությունից։ Սա է տեխնիկայի երկարակյացության առաջին եւ կարեւոր պայմանը։
Լրագրողների հետ հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած հանդիպումն այս խորհրդով սկսեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ ներկայացուցիչ Վահան Միսակյանը։ Նա մանրամասնորեն ներկայացրեց տեխնիկան անվնաս ու սարքին պահելու կիրառելի միջոցները։
Մասնագետի հավաստմամբ՝ լիովին հնարավոր է խուսափել մեծ ծախսերից, ինչպես նաեւ ինքնուրույն վերացնել առաջին հայացքից բարդ թվացող խնդիրներն ու հաճախ պատահող անսարքությունները։ Վահան Միսակյանը համակարգչի օրինակով ցուցադրեց ինչպես եւ ինչով մաքրել տեխնիկայի ներսում կուտակված փոշին, գտնել եւ փոխել վնասված դետալը՝ առանց սխալվելու կասկածի։
«Ինտերտնետ հանրությունը» գործնական եւ ուսուցողական այս դասընթացին մասնակցելու էր հրավիրել լրագրողներին՝ նկատի ունենալով տեխնիկայի առաջնային կարեւորությունը նրանց աշխատանքում։