TLD-ները դարձել են ինտերնետի բազմազանության համակարգված հիմքը

Վերին մակարդակի դոմենների (Top-Level Domain — TLD) ընդլայնված կիրառման շնորհիվ համացանցը ժամանակի ընթացքում դարձավ ավելի հասանելի ու բազմազան։  Մինչդեռ TLD-ների ստեղծման գաղափարն առաջացել է ընդամենը 40 տարի առաջ՝ 1980-ականներին, երբ ինտերնետի նախատիպ՝ ARPANET-ը զարգանում էր որպես ԱՄՆ գիտառազմական ցանց։

Առաջին TLD-ները ստեղծվեցին 1985-ին, դրանք 7-ն էին՝

  • .com – առևտրային կազմակերպությունների
  • .org – ոչ առևտրային հաստատությունների
  • .net – ցանցային ենթակառուցվածք ունեցողների
  • .edu – կրթական հաստատությունների (ԱՄՆ)
  • .int – միջազգային կազմակերպությունների համար
  • .gov – ԱՄՆ կառավարության
  • .mil – ԱՄՆ բանակի համար։

Կար նաև հատուկ՝ .arpa TLD – ն, որը ժամանակավոր տեխնիկական նպատակներով  ստեղծվել է ARPANET-ի, օգտագործվում է տեխնիկական ենթակառուցվածքների համար։

Հետագայում առաջին յոթնյակը կոչվեց ընդհանուր վերին մակարդակի դոմեն (generic Top-Level Domain — gTLD) անվանմամբ։ Ի դեպ այս յոթնյակից միայն առաջին երեքում է հնարավոր անսահմանափակ քանակով դոմենային անունների գրանցում, մյուս չորսի կիրառությունը նպատակային է և սահմանափակ։

TLD-ների նոր դարաշրջանը մեկնարկեց առաջինների «ծննդից» 28 տարի անց։ Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիան՝ ICANN-ը, 2012-ին նախաձեռնեց gTLD-ների մեծածավալ ընդլայնման ծրագիր։ Արդյունքում ավելացան` 1200 նոր դոմենային տիրույթներ՝ ընկերությունների, քաղաքների, ոլորտների անուններով։

Մինչ այդ՝ որպես վերին մակարդակի դոմեններ, արդեն ստեղծվել ու գործարկվել էին երկրի կոդ հանդիսացոդ դոմենները (Country Code TLD — ccTLD), օրինակ՝ .am (Հայաստան), .ru (Ռուսատան), .de (Գերմանիա), .us (ԱՄՆ)։ Ներկայում կան ավելի քան 300 երկրների և տարածքների  ccTLD-ներ։

.aero, .coop .museum, .biz, .info, .name և .pro-ն TLD-ների երկրորդ յոթնյակն է, որը ստեղծվեց 2001-2002-ին և բաժանվեց երկու տեսակի՝  հովանավորվող (Sponsored top-level domains — sTLD) և չհովանավորվող (Unsponsored top-level domains – uTLD) վերին մակարդակի դոմենների։ Իհարկե, այս կարգի դոմենների քանակն էլ հետագայում ավելացավ՝ ի նպաստ ոլորտների զարգացման։

Իսկ ինտերնետի բազմազանությունն ապահովելու տեսանկյունից կարևորվեցին և գործարկվեցին միջազգայնացված դոմենային անունները (Internationalized Domain Name TLDs -IDN TLD)՝ ազգային լեզուներով, օրինակ՝ .հայ, .рф (Ռուսատան), .中国 (Չինաստան), .срб (Սերբիա) և այլն։

TLD-ների կիրառությունը տասնամյակների ընթացքում զգալիորեն ընդլայնվել է՝ օգտագործողներին հնարավորություն տալով հստակ դիրքավորվել, ընդգծել իրենց ոլորտը կամ աշխարհագրական պատկանելությունը։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը