ՏՏ-ում հաջողության հասնելու բանաձեւը բացահայտել են կանայք

Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ STEM ոլորտներում հաջողության բանաձեւերի մասին են խոսել ոլորտի կին լիդերները՝ «Աղջիկները ՏՀՏ-ում» (Girls in ICT) միջազգային արշավի շրջանակում ապրիլի 25-ին Երեւանում տեղի ուենեցած հանդիպմանը։

«Կանանց առաջնորդությունը STEM-ում. բացահայտելով հաջողության բանաձեւը» հանդիպմանը մասնակցել են Երեւանի ավագ դպրոցների, ինչպես նաեւ մասնագիտական քոլեջների սովորողներ։ Այն նախաձեռնել էին «Ինտերնետ հանրություն» եւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ները։

«Հայաստանը՝ ի դեմս մեր կազմակերպության, արդեն 7-րդ անգամ է միանում «Աղջիկները ՏՀՏ-ում» միջազգային արշավին։ Նպատակը կանանց ներգրավվածությունը ոլորտում խթանելն է։ Հայաստանում, իհարկե, ի տարբերություն աշխարհի, այդ ցուցանիշն ավելի բարձր է՝ 40%, բայց զարգացման տեղ դեռ շատ ունենք»,- նշեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը։

Այս ոլորտում աշխատելու լայն հնարավորություններ կան՝ հատկապես դոմենային տիրույթների կառավարման հատվածում, ինչն այժմ իրականացնում է «Ինտերնետ հանություն» ՀԿ-ն։

«Սա ՏՏ ոլորտի մի հատված է, որի մասին քչերը գիտեն, սակայն այս ուղին երիտասարդների համար բացում է նաեւ աշխարհի մեծ շուկան՝ իր հնարավորություններով։ Ու նրանք կարող են Հայաստանից աշխատել միջազգային շուկայում»,- նշեց Ք. Հակոբյանը։

«ՏՀՏ-ում առաջնորդության հասնելու համար նախընտրությունը տվեք բարձրագույն տեխնիկական կրթությանը եւ վաղ տարիքում, թեկուզ կամավոր աշխատանքով՝ պրակտիկ հմտություն զարգացնելուն»,- ընդգծեց Staff.am-ի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը՝ մատնանշելով իր հաջողության առանցքային մոտեցումը։

STEM կրթությամբ լայն հեռանկարներ ու իրական առաջընթաց ունենալու հնարավորությունն, ըստ «Սինոփսիս Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Ժաննա Խոջոյանի, մշտապես սովորելն ու չհուսալքվելն է.

«Կանայք ՏՀՏ– ում նույնքան կարող ուժ են, որքան տղամարդիկ։ Այս ոլորտը օվկիանոսի պես անծայրածիր է։ Հաջողելու համար հարկավոր է նաեւ չվախենալ զարգացումներից»։

Աշխարհի առաջատար երկրներում ՏՀՏ ոլորտում կանանց ներգրավվածությունն ավելի քան 20% է։ Այս ցուցանիշը բարելավելու համար էլ «Աղջիկները ՏՀՏ-ում»  միջազգային արշավը սկսել է Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU)։ Անցած 11 տարիներին ամենամյա պարբերականությամբ` 175 երկրներում անցկացվել է 11,400 միջոցառում, որոնց մասնակցել է ավելի քան 377,000 կին։ Հայաստանում այդ միջոցառումներին մինչ օրս՝ 7 տարում, մասնակցել է տարբեր մասնագիտությունների եւ տարիքի շուրջ 340 կին։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը