Բոլոր ժամանակներում էլ տվյալների տիրապետումը համարվել ու համարվում է այս կամ այն չափի իշխանության հասնելու նախապայման, հետևաբար, և պահպանության ենթակա նյութ։ Իսկ թվային աշխարհում տեղեկության փոխանցումը՝ լինի բարեկամին գրած պարզ հաղորդագրություն, թե լայն նշանակության բովանդակություն, կարող է հասանելի դառնալ ոչ միայն իրական հասցեատիրոջը, այլ հազար ու մի չարկամ ծրագիր հղացած կիբեռհանցագործի։ Այդ հավանականությունը զրոյականացնելու համար կիրառվում են անվտանգության տարբեր միջոցներ, այդ թվում՝ ծածկագրումը (Encryption)։
Ծածկագրումը տեղեկատվության պաշտպանության տեխնոլոգիա է, որի միջոցով տվյալները հատուկ ալգորիթմների և գաղտնաբանալիների օգնությամբ վերածվում են անհասկանալի տեղեկատվության։ Առանց համապատասխան բանալու դրանք կարդալը կամ օգտագործելը դժվար կամ անհնար է։
Ծածկագրումը պաշտպանում է օգտատիրոջ անձնական տվյալները, հաղորդագրությունները, լուսանկարները, ֆինանսական տեղեկությունները և այլ թվային բովանդակություն չարտոնված, չարամիտ հասանելիությունից։
Շնորհիվ ծածկագրման, եթե նույնիսկ տվյալները փոխանցման ընթացքում գաղտնալսվեն կամ հայտնվեն օտար ձեռքերում, ապա դրանք անհնար կլինի հեշտությամբ ընթերցել։
Օրինակ՝ երբ օգտատերը մուտք է գործում բանկային հավելված, առցանց գնումներ կատարում կամ հաղորդագրություն ուղարկում, ծածկագրումն օգնում է պաշտպանել փոխանցվող տեղեկությունները։ Իսկ սկզբնակետից վերջնակետ ծածկագրումը հաղորդագրության բովանդակությունը հասանելի է դարձնում միայն ուղարկողին և ստացողին՝ սահմանափակելով նաև ծառայություն մատուցողի հասանելիությունը։
Ծածկագրումը լուծում է թվային աշխարհի մի քանի կարևոր խնդիր՝ ապահովում է համացանցում տեղեկատվության գաղտնիությունը, նպաստում է ֆինանսական գործարքների անվտանգությանը, անձնական կյանքի պաշտպանությանը և թվային ծառայությունների նկատմամբ վստահության ձևավորմանը։




























