Աշխարհում այսօր շուրջ 2,2 միլիարդ մարդ դեռևս զուրկ է համացանցային կապից։ Իսկ գոյություն ունեցող ավելի քան 7000 լեզուներից միայն մի քանի հարյուրն են ներկայացված թվային միջավայրում։ Մինչդեռ թվային ներառականության խնդիրը միայն տեխնոլոգիական չէ․ այն անմիջականորեն կապված է լեզվական իրավունքների, կրթության, մշակութային բազմազանության և սոցիալական հավասարության հետ։
Այս մասին Երևանում կայացած UADay 2026 տարածաշրջանային համաժողովում խոսել է UNESCO-ի ծրագրերի մասնագետ Սյանհոնգ Հուն՝ ներկայացնելով բազմալեզու և ներառական թվային ապագայի ձևավորմանն ուղղված UNESCO-ի ռազմավարությունն ու Համընդհանուր ընդունման (Universal Acceptance — UA) գլոբալ նշանակությունը։
Սյանհոնգ Հուն ընդգծել է, որ բազմալեզվությունն արդեն ներառված է Գլոբալ թվային պայմանագրի (Global Digital Compact) և Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի՝ WSIS+20 գործընթացի առաջնահերթություններում։ Նպատակը բազմալեզու թվային բովանդակության ստեղծումը, բաց կոդով տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև միջազգայնացված դոմենային անունների (IDN) և համընդհանուր ընդունման կիրառության խթանումն է։
«Ոչ մի լեզու չպետք է մնա լուսանցքում՝ թվային միջավայրից դուրս»,- ասել է Սյանհոնգ Հուն՝ մատնանշելով UNESCO-ի դիրքորոշումը։
Նա հիշեցրել է նաև, որ UNESCO-ն դեռևս 2003-ին ընդունել է «Կիբեռտարածությունում բազմալեզվության խթանման և համընդհանուր հասանելիության մասին» հանձնարարականը, որով ամրագրվել է՝ յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա օգտվել թվային միջավայրից սեփական լեզվով։
UNESCO–ICANN համագործակցության նոր փուլը հաստատավել է 2025-ին կազմակերպությունների միջև կնքված համաձայնագրով՝ վերահաստատելով UA նախաձեռնությունները և բազմալեզու ինտերնետի զարգացումը համատեղ առաջ մղելու հանձնառությունը։
UADay-ը 2025-ին նշվել է աշխարհի տարբեր երկրներում՝ 59 տարածաշրջանային և ազգային միջոցառումներով, որոնք միավորել են 7695 մասնակիցների։ Իսկ այս տարի 71 հայտերից ընտրվել է 30-ը՝ Եվրոպայից, Աֆրիկայից, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից, Լատինական Ամերիկայից և Կարիբյան ավազանից։ Երևանում անցկացված UADay2026-ը ներառված էր այդ նախաձեռնությունների շարքում՝ որպես «Համընդհանուր ընդունման» խնդիրների քննարկման տարածաշրջանային ընդգրկման բաց և բազմաշահառու հարթակ։




























