Վիքի .հայ-ի կրկնակի մրցանակակիր՝ Արա Թրվանց. Ամեն գրածս ճշգրիտ պիտի լինի

Թրվանց Արան 14 տարեկան է։ Հաջորդ ուսումնական տարում կսովորի ավագ դպրոցում։ Շատ գործունյա է եւ նույնչափ լռակյաց. ո՛չ իր, ո՛չ էլ իր արած գործի մասին խոսել չի սիրում։ Մինչդեռ առիթը կա՝ «Վիքի.հայ» մրցույթի կրկնակի երկրորդ մրցանակակիր է։

— Սկզբում Վիքիդարանն էի խմբագրում, հետո՝ Վիքիպեդիայում սկսեցի խմբագրել,-հակիրճ պատմեց Արան։

Այդ գործը սովորել է հորից ու պրոֆեսիոնալ կատարում է արդեն 4 տարի։

— Ինքս խմբագրում եմ Վիքիպեդիա առցանց հանրագիտարանի համար։ Արային էլ սովորեցրի։ Հիմա իր արդյունքով վաղուց անցել է ինձ։ Մինչեւ այսօր ավելի քան 700 հոդված է գրել, որից 154-ը «Վիքի.հայ» 2023-ի համար,-պատմեց Արայի հայրը՝ Արարատ Թրվանցը։

Արմատներով խնձորեսկցի Թրվանցների մեծ ընտանիքը լավ գիտի սահմանի արժեքը։ Երկրի ֆիզիկական պաշտպանությանը մասնակցելուց բացի աշխատում են Հայաստանի ու հայկականի սահմանները նաեւ համացանցում ընդլայնել։

— «Հայերը Հայրենական մեծ պատերազմում», «Հայերը Կալիֆորնիայում», «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները» եւ այլ հոդվածներ այս տարի եմ գրել։ Տարբեր աղբյուրներ եմ ուսումնասիրում, տեղեկությունները համադրում եւ գրում։ Ամեն գրածս ճշգրիտ պիտի լինի,-մանրամասնեց Արան։

Վիքիպեդիայի համար Արայի արած աշխատանքի, առավելեւս մրցանակների մասին 197-րդ դպրոցում, որի սան է նա, չգիտեն՝ ինքն այդ մասին լռում է։ Հետաքրքրությունները շատ են, ժամանակ չունի արածի մասին խոսելու։

— Ըմբշամարտի, դաշնամուրի եւ ուրիշ խմբակներ գնացել եմ։ Հիմա էլ զբաղված եմ, բայց Վիքիպեդիայի համար միշտ ժամանակ ունեմ։ Ինձ հետաքրքիր է։ Ժամանակս հերիքում է, եթե ուզում եմ, իսկ ես ուզում եմ գրել։

Այս օրերին Արա Թրվանցը Վիքիմեդիա առցանց հանրագիտարանը հարստացնում է Հայաստանում ՏՏ ոլորտը զարգացնող անհատների ու կազմակերպությունների՝ այդ թվում նաեւ «Ինտերնետ հանրություն» ՀԿ մասին հոդվածներով։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը