Ինտերնետի հասանելիության ընդլայնման, տեխնոլոգիական զարգացման և տեխնիկական վերազինման հարցերում համագործակցության նոր ուղիները քննարկվեցին օրերս «Ինտերնետ հանրություն» և «Արմիքս» հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպմանը։
Ինտերնետ թրաֆիքի փոխանակման կենտրոնի՝ «Արմիքս»-ի գործունեության արդյունքները և ծրագրերը ներկայացնելով՝ հիմնադրամի նախագահ Ալբերտ Տոնեյանն անդրադարձավ տեխնիկական վերարզինման և ծառայությունների տրամադրման աշխարահագրությունն ընդայնելու կարեւորությանը։ Նշվեց, որ կառույցը՝ որպես թրաֆիքի փոխանակման կենտրոն հանրապետությունում միակն է, գործում է Երևանում, ու մարզերից դրա հանդեպ աճող հետաքրքրություն կա։
Տոնեյանի խոսքով, կենտրոնի ընդլայնումը մեծապես կնպաստի ոչ միայն մայրաքաղաքից դուրս գործող օպերատորների մատուցած ծառայությունների և կապի որակի բարձրացմանը, այլև կապահովի թվային անվտանգության ավելի կայուն մակարդակ՝ հատկապես ճգնաժամային իրավիճակներում։ Մասնագետների խոսքով, մեր երկրի համար սա ռազմավարական կարևորություն ունեցող խնդիր է, և ժամանակն է, որ դրա լուծման մասին երկխոսություն սկսվի նաև պետական պատասխանատու կառույցների հետ ևս։
«Համագործակցությունը կարող է նպաստել «Արմիքս»-ի գործունեության ընդլայնմանը, արդյունքն, անշուշտ, կլինի Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունների զարգացումը և անվտանգության մակարդակի բարձրացումը։ Մենք գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որ ստիպված ենք և պետք է մտածենք թրաֆիքի փոխանակման ինքնուրույն և ինքնաբավ համակարգ ունենալու մասին։ «Արմիքիս» զարգացումը կարող է հանգեցնել դրանլ»,- ասաց «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը։





























