Skip to main content

Բոտնեթ․ ինչպես է ինտերնետին միացված սարքը դառնում կիբեռհանցագործության գործիք

Կիբեռանվտանգության ոլորտում ZeuS (Զևս),  Andromeda (Անդրոմեդա), Emotet (Էմոտետ), TrickBot (ԹրիքԲոտ), Storm (Շտորմ), Mirai (Միրայ) դիցերի կամ բնական աղետի անուններ չեն, այլ անվանումներ են բոտնեթերի, որոնց միջոցով համակարգիչներից տվյալներ են գողացվում։

Բոտնեթը պարզապես վարակված համակարգիչների հավաքածու չէ, այլ հեռակառավարվող սարքերի ցանց, որում հայտնված յուրաքանչյուր սարք օգտագործվում է առանց սեփականատիրոջ գիտության՝ զանգվածային հարձակումների, տվյալների գողության, սպամի տարածման կամ գովազդային խարդախության համար։ Բոտնեթի մեջ կարող են հայտնվել համակարգիչներ, սերվերներ, սմարթֆոններ և նույնիսկ ինտերնետին միացված կենցաղային սարքեր։

Բոտնեթի ձևավորման հիմքում վնասաբեր ծրագիրն է, որը սարքին հասնում է ֆիշինգային նամակների, վնասաբեր հղումների կամ ծրագրային խոցելիությունների միջոցով։ Վարակված սարքը կապվում է բոտնեթի կառավարման ենթակառուցվածքի հետ, իսկ դրա օպերատորը՝ «բոտ-մաստերը», կարող է հրահանգներ ուղարկել ցանցի բազմաթիվ անդամների։ Արդյունքում մեկ հարձակվողի փոխարեն գործողության մեջ են դրվում տարբեր երկրներում գտնվող հազարավոր, անգամ միլիոնավոր սարքեր։ Այդ բազմազանությունն էլ դժվարացնում է հարձակման աղբյուրի հայտնաբերումը։

Որոշ դեպքերում բոտնեթը նույնիսկ վերածվում է «ծառայության», որը կիբերհանցագործները տրամադրում են ուրիշներին։ Ամենահայտնի բոտնեթներից է DDoS հարձակումը, որով մեծաքանակ սարքեր միաժամանակ ծանրաբեռնում են որևէ կայք կամ առցանց ծառայություն՝ դրանք անհասանելի դարձնելով օգտատերերի համար։

Օրինակ, Mirai-ն, որը հայտնի է տասը տարի առաջ՝ 2016-ին, DNS ծառայություններ մատուցող ընկերության հաջողված թիրախավորմամբ, կարողացավ, ի թիվս այլ սարքերի, «զինվորագրել» նաև ինտերնետին միացված կենցաղային IoT սարքերը։

Եթե Mirai-ի սկզբնական կոդի հրապարակումից հետո ստեղծվեցին բազմաթիվ նոր տարբերակներ և IoT բոտնեթներ՝ ապացուցելով կենցաղային սարքերը կիբեռհարձակման գործիքի վերածելու հնարավորությունը, ապա ZeuS-ը ցույց տվեց բոտնեթների մեկ այլ վտանգավոր ուղղություն՝ ֆինանսական տվյալների գողությունը։ ZeuS-ի զոհերի թվում եղել են 196 երկրների օգտատերեր, իսկ վնասը գերազանցել է 100 միլիոն դոլարը։

Մյուս խոշոր օրինակներից է Emotet-ը, որը սկսեց որպես բանկային տրոյական ծրագիր, սակայն հետագայում վերածվեց կիբեռհանցագործների համար լայնորեն օգտագործվող ենթակառուցվածքի։ 2021-ին միջազգային իրավապահ գործողության արդյունքում դրա ենթակառուցվածքը խափանվեց։ ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ Emotet-ը վարակել էր ավելի քան 1,6 միլիոն համակարգիչ և ամբողջ աշխարհում պատճառել հարյուր միլիոնավոր դոլարների վնաս։

Բոտնեթների գլխավոր վտանգը ոչ միայն վնասաբեր ծրագրերն են, այլև մասշտաբները։ Բազմաթիվ սարքեր մեկ համակարգում միավորել-գործարկելով, բոտնեթի տերերը բիզնեսների, կազմակերպությունների և նույնիսկ ինտերնետային խոշոր ենթակառուցվածքների աշխատանքի վրա ազդելու հնարավորություն են ստանում։ Հետևաբար բոտնեթների դեմ պայքարը, բացի մասնագետների աշխատանքից պահանջում է նաև յուրաքանչյուրի զգոնությունը։ Սարքերի ծրագրային թարմացումը, ուժեղ գաղտնաբառերի օգտագործումը և կասկածելի նամակների ու հղումների նկատմամբ զգուշությունը նվազեցնում են սարքը կիբեռհանցագործության «զինվորի» վերածելու հավանականությունը։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը