Skip to main content

Դոմենային շուկան նոր շեմ է հատել՝ անցնելով 401 միլիոնը

Համաշխարհային դոմենային շուկան շարունակում է աճել՝ ամրապնդելով ինտերնետ հասցեների ենթակառուցվածքի կայուն զարգացումը։

2026-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշով՝ հունիսի 30-ի դրությամբ, ամբողջ աշխարհում գրանցված դոմենային անունների ընդհանուր թիվը կազմել է 401,6 միլիոն։

Տվյալը զեկույցում հրապարակել է Domain Name Industry Brief – ը (DNIB) ու տեղեկացրել, որ միայն ապրիլ, մայիս, հունիս ամիսներին դոմենային շուկան աճել է 9,1 միլիոն գրանցմամբ, կամ 2,3 %-ով, իսկ տարեկան կտրվածքով աճը կազմել է 29,9 միլիոն դոմեն, կամ 8,1 %։

Աճին զուգահեռ՝ համաշխարհային դոմենային շուկան շարունակում է պահպանել բազմաբաղադրիչ կառուցվածքը, որում նախկինի պես առաջատար են .com և .net տիրույթները՝ ընդհանուր առմամբ, 179,1 միլիոն գրանցված դոմենային անունով։

Չնայած .com-ը շարունակում է պահպանել իր գերիշխող դիրքը, սակայն, ըստ DNIB զեկույցի՝ շուկայի ամենաարագ աճող հատվածը նոր սերնդի ընդհանուր նշանակության տիրույթներն են (new gTLD), որտեղ գրանցումների թիվն աճել է 13,4 միլիոնով կամ 34%-ով։ Այս տիրույթներում գրանցումների ընդհանուր թիվը հասել է 52,9 միլիոնի։

Երկրի կոդ հանդիսացող դոմենները (ccTLD) նույնպես շարունակում են ամրապնդել իրենց դիրքերը։ Դրանցում արդեն 148,6 միլիոն գրանցում կա, ինչը, նախորդ եռամսյակի համեմատ, 2,3 միլիոնով կամ 1,6 %-ով ավելի է ։

DNIB ներկայացրած ցուցանիշները հաստատում են, որ թվային ծառայությունների, էլեկտրոնային առևտրի, թվայնացման և առցանց բիզնեսների զարգացումը շարունակում է մեծացնել թվային տիրույթում ներկայություն ունենալու պահանջարկը։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը